ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Transparency International հասարակական կազմակերպության շրջանակում գործող «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունը հայտնում է Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում տեղ գտած ավելի քան 1700 խախտումների մասին, որոնցից 1032–ն արձանագրվել է քվեարկության ընթացքում։
Կազմակերպության կայքի հրապարակման համաձայն, ամենամեծ թվով ընտրախախտումների մասին ահազանգեր են ստացվել Էրեբունի վարչական շրջանի 10/40 ընտրատեղամասից, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի 4/44 և 4/33 ընտրատեղամասերից։
Այս կամ այն ընտրատեղամասի խախտումների բոլոր տվյալները կարելի է գտնել կազմակերպության կայքում հրապարակված ինտերակտիվ քարտեզի վրա։
Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում