ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Տրանսգենդերի ելույթը ՀՀ ԱԺ–ում շարունակում է վրդովմունքի ալիք առաջացնել հայ պատգամավորների շրջանում։
Ուրբաթ ՀՀ ԱԺ–ի ամբիոնից պատմության մեջ առաջին անգամ ելույթ ունեցավ տրանսգենդեր։ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ է ունեցել տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը։ Իր ելույթի ժամանակ նա խնդրել է, որ իրեն ընդունեն որպես հավաքական կերպար։
«Ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, մահափորձի ենթարկված, սպանված, թալանված գործազուրկ հայ տրանսգենդերի կերպարը», – նշել է նա։
Տրանսգենդերի ելույթը շատ է վրդովեցրել ներկա պատգամավորներին։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտում է այդ օրակարգը։
Առաջին ռաունդ
Մարտիրոսյանի ելույթը նախապատրաստելու մեջ Զոհրաբյանը մեղադրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին։ Երկուշաբթի Կարապետյանն ԱԺ ամբիոնից հերքեց այդ մեղադրանքները։
«Նիստին մասնակցելու գրանցումը բաց էր բոլոր հասարակական կազմակերպությունների համար։ Ես որևէ ելույթ չեմ կազմակերպել։ Զոհրաբյանը ստում է, որ մեր հանձնաժողովը հաստատել է նիստի ելույթների կոնկրետ թեմաները։ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի՝ մարտի 11-ի նիստում հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ չկան», – հայտարարեց նա։
Կարապետյանի խոսքով, հաստատված առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում, բայց լսումներից օրեր առաջ օրակարգը ԱԺ կայիքց հեռացվեց։ Նա տեղեկացրեց, որ լսումներից տառացիորեն երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ` առանց հանձնաժողովի անդամների հաստատման։ Կայքը չթարմացվեց նոր, թեմատիկ օրակարգով։
Նա նաև ասել է, որ լսումներին մասնակցելու հայտ ներկայացրած կազմակերպություններին նոր օրակարգն ուղարկելու հորդորով դիմել է հանձնաժողովի քարտուղարություն, սակայն իր հորդորը չի կատարվել։
«Տիկին Զոհրաբյանը ստում է՝ ասելով, թե հասարակական կազմակերպություններին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պետք է ունենան։ Սա սուտ է, քանի որ ինչպես արդեն ասացի, գրանցման պահին թեմաներ պարզապես չկային», – հայտարարեց նա։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ելույթ է ունեցել պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` մեր առաջնորդի գլխավորությամբ, եղել և մնում է ավանդական, ընտանեկան արժեհամակարգը պաշտպանող ուժ։ Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ՝ տրանսդգենդերներին ԱԺ դահլիճը տրամադրելու համար։ Բա խի՞ չէիք մինչև էդ ասում։ Հասել, դարձել եք քաղաքական մեծամասնություն ու հետին թվով՝ մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ», – նշել է պատգամավորը։
Երկրորդ ռաունդ. վերջի՞նը
Հաջորդ օրինագծի քննարկման ժամանակ այս թեման կրկին քննարկվեց, երբ Կարապետյանը ներկայացրեց փաստաթուղթ, որում նշվում է, որ հենց Զոհրաբյանն է ստորագրել թույլտվություն, որպեսզի խորհրդարանի շենք կարողանան մուտք գործել 47 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։
Դրանից հետո նա անդրադարձավ Պետրոսյանի ելույթին և հիշեցրեց, որ իր կուսակիցը` Էդուարդ Բաբայանը, դարձել է պատգամավոր միայն համաներման շնորհիվ։
Քննության տվյալներով 2018թ.–ի հուլիսի 2–ին Բաբայանը մի խումբ անձանց հետո ծեծի էր ենթարկել Վյաչեսլավ Հարությունովին` հասցնելով ծանր վնաս նրա առողջությանը։ Բաբայանը դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ էր արձակվել։
«Վերջիվերջո, Հայաստանի քաղաքացիները ցեխ չեն, որ իրար վրա շպրտենք», – հայտարարել է Կարապետյանը։
Այս անգամ ելույթով հանդես է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով հայտարարել է, որ Բաբայանի գործով ոչինչ որոշված չէ, քանի որ նա բողոքարկել է դատարանի վճիռը։
«Ցեխ շպրտելով` չի կարելի ոչինչ ստանալ, սա մեկ։ Երկրորդը, կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին ուշադիր նայել և տեսնել, թե ով է ծափահարել դահլիչում տխրահռչակ ելույթից հետո», – հայտարարել է Աբովյանը։ –0–
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ