Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի և պատվաստանյութի ձեռքբերման հետ կապված իրավիճակը (ՎԻԴԵՈ)
15:22
26 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսով ծանր հիվանդների հոսպիտալացման խնդիր այս պահին չկա, այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է, 3-4 շաբաթ առաջվա համեմատությամբ մի փոքր բարելավվել է։ Հիավանդանոցայն ֆոնդի ծանրաբեռվածությունը տանելի է: Երեկվանից չկան քաղաքացիներ, որոնք կլինեն ծանր վիճակում, և մենք չենք կարողանա նրանց տեղավորել»,- նշել է նախարարը:
Նա հույս է հայտնել, որ նման վիճակը կպահպանվի նվազագույնը առաջիկա մի քանի շաբաթներին:
Թորոսյանը հայտնել է, որ հիվանդանոցները շարունակում են աշխատել նույն ռեժիմով, փակելու մասին խոսք չի գնում և պատրաստվում են ձմեռվա սեզոնին:
«Համաշխարհային ակադեմիական շրջանակներում քննարկումներ են գնում, որ այո, հնարավոր է անկում, բայց կրկին աճ՝ 2-3 ամսվա ընդմիջմամբ: Այնուամենայնիվ, համակարգը (առողջապահական, խմբգր.) մնում է պատրաստ իր առջև դրված խնդիրներին»,- նշել է նախարարը։
Ինչ վերաբերում է պատվաստանյութի գնմանը, նրա խոսքով, մենք ունենք վճարված կանխավճար միջազգային մի հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ, այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր՝ ապագայում գրանցում ստանալու:
«Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տաս տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա», - նշել է Թորոսյանը։
Նա ընդգծել է, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։-0-