Տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված աջակցության համար անհրաժեշտ է կատարել 3 քայլ. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը:
Փաշինյանը հիշատակել է առաջին 3 քայլերը, որոնցով պատկերացնում են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված աջակցությունը:
«Առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է: Հաջորդ քայլերը թվարկելով՝ կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները»,-այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում իր ելույթում:
Նրա խոսքով, լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ ու քաղաքականություններ մշակելու և ունենալու համար անհրաժեշտ է կրկին կրթություն, իսկ լավ կրթական համակարգ ունենալու համար էլ անհրաժեշտ է լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ ու կարգավորումներ:
Փաշինյանը կարևորել է գագաթնաժողովը և նման միջոցառումները՝ նաև տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք և ընկալում ձևավորելու առումով:
Կարևորելով հնչած այն միտքը, որ արհեստական բանականությունը և ընդհանրապես տեխնոլոգիաների հետ առնչությունները կանխորոշում են Հայաստանի Հանրապետության ապագան՝ վարչապետը հավելել է, որ այդ պնդումը նույնքան ճշմարիտ է հնչում աշխարհի բոլոր երկրներում:
«Կարծում եմ, ակնհայտ է, որ մեր Կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Ինչպես աշխարհում, անպես էլ Հայաստանում տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլն է: Տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում տեխնոլոգիաների նկատմամբ և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց»,-ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ տեխնոլոգիա երևույթը մշտապես ուղեկցում է քաղաքակրթությանը, տեխնոլոգիաների զարգացումն անընդհատ գործընթաց է: Նա նշել է, որ այսօր արդեն գործ ունենք արհեստական բանականության հետ:
«Բայց դեռ այն ժամանակ, երբ մարդիկ սովորում էին, օրինակ, բուսաբուծություն, դա ևս տեխնոլոգիա էր: Չնայած մի քանի հազարամյակների զարգացմանը՝ հիմա գյուղատնտեսությունը զարգացման նոր էջ է բացել, որովհետև ի հայտ է գալիս ինտենսիվ գյուղատնտեսությունը»,-ընդգծել է նա։
«Տեխնոլոգիաները եղել են, կան ու շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու, բարեկեցության աստիճանը բարձրացնելու միջոց: Չնայած ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ ու սպառնալիքներ, բայց այս երևույթը նույնպես նորություն չէ: Բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ ու մարտահրավերներ»,-նկատել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրա մեջ, իհարկե, կա քաղաքական կարգախոս և քաղաքական ընկալում, բայց այս քաղաքական կարգախոսը, ընկալումը և ռազմավարությունը մեզ համար կյանքի հետ առնչվելու, փորձի արդյունքում ձեռք բերված իմացության արձանագրում է:
«Իհարկե, նման դեպքերում շատերն ասում են և փորձում լրացնել կամ հարցադրում անում, թե կարծես մենք մոռացանք մեկ ուրիշ կարևոր բան, և խոսքը փողի մասին է։ Իհարկե, փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին: Իսկ ի՞նչ է հարկավոր փող ունենալու համար: Կառավարությունն այս հարցին էլ ունի երեք պատասխան. Առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի էր ուրիշ երեք պատասխան տալ, օրինակ՝ նավթ, գազ, ոսկի: Բայց հիմա նույնիսկ փող ունենալ-չունենալու հարցը, աշխատանք ունենալ-չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ-չունենալու հարցը, մեր ընկալմամբ, ունի երեք պատասխան. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Ընդհանրապես, երբ շատ է խոսվում նաև աշխատանքի շուկայում մրցունակության, բարեկեցության մասին, համոզված եմ՝ նկատել եք, որ մենք այդ բոլոր հարցերին այս նույն պատասխանն ենք տալիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

