Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով․ Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի դեպքի մասին

14.05.2025, 15:40
Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաև՝ զբաղվեք ձեզնով, նշել է նախարարը
Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով․ Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ 

Այս մասին գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով Մերձավանի դպրոցում օրերս տեղի ունեցած միջադեպը, երբ աշակերտները սուլել են պատմության ուսուցչուհու վրա, նրան անվանել ստախոս, տգեղ պահվածք դրսևորել։  

«Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցնում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության․ ծնողների մի զգալի մասը չգիտի՝ իր երեխան ինչով է զբաղված, տպավորություն է, որ ոչ էլ ուզում է իմանալ։ Սրան գումարվում է որոշ ծնողների կողմից ուսուցիչների հանդեպ քամահրական վերաբերմունքը, որը թե իրենց վերաբերմունքն է, թե իրենց կողմից նաև իրենց երեխաներին փոխանցվող վերաբերմունքն է։ Գումարեք սրան ցուցամոլության ու նյութապաշտության էն քաղքենի միջավայրը, որ կա», – գրել է Անդրեասյանը Facebook-յան իր էջում։ 

Նա նշել է, որ դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի։ 

«Այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։ Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաև՝ զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է», – նշել է Անդրեասյանը։