Տասը րոպե մեկ ծեծում էին, հայհոյում, պատմում է արցախցի Տիգրանը․ ոստիկանությունից մեկնաբանել են (ՎԻԴԵՈ)

18.03.2025, 15:16
Արցախցի Տիգրանը պատմել է, թե ինչպես են վերաբերվել իր հետ ոստիկանության բաժանմունքում՝ փորձելով ստիպել, որ խոստովանի, որ հանցագործությունն ինքն է կազմակերպել․ ՎԻԴԵՈ
Տասը րոպե մեկ ծեծում էին, հայհոյում, պատմում է արցախցի Տիգրանը․ ոստիկանությունից մեկնաբանել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Վանաձորում ոստիկանների կողմից 28–ամյա արցախցու բռնության դեպքն ուսումնասիրելու և բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի համապատասխան տեղեկատվություն», – նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է ոստիկանությունում գրանցված խոշտանգման նոր դեպքի մասին։

Նա նշել է, որ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»: Նրան քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։

Դեպքի մասին Տիգրանը մանրամասներ է պատմել «Ազատություն» ռ/կ–ի պատրաստած ռեպորտաժում։ Նա նշել է, որ ոստիկանությունում համոզել են իրեն, որպեսզի խոստովանի, որ հանցագործությունն ինքն է կազմակերպել։ Նրան սպառնացել են, որ կձերբակալեն։

«Տասը րոպե մեկ ծեծում էին, հայհոյում։ Իրենք դրա պատասխանը պետք է տան, ես մինչև վերջ գնալու եմ», – նշել է Տիգրանը։

Ռեպորտաժում ներկայացվում է, որ Տիգրանն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2023թ․–ին բռնի տեղահանման ժամանակ։ Եղբայրը զոհվել է 2017թ․–ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով։ Երիտասարդը ծնողների գերեզմանները թողել է Մարտունիում ու Հայաստան է տեղափոխվել շան հետ, Վանաձորում բնակվում է վարձով։

Տիգրանն ասում է, որ ոստիկանները հենց իր միայնակ ապրելու փաստն են շահարկել ու փորձել օգտագործել՝ իրենից խոստովանական ցուցմունք կորզելու համար։