Տանիքից պոկված թիթեղից վնասված ծննդկանը մանրամասներ է հայտնել դեպքի և նորածնի վիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ուժգին քամու հետևանքով մայիսի 11-ին տան տանիքից թիթեղի մի կտոր պոկվել ու հարվածել է այդ պահին բակում գտնվող 23-ամյա 36 շաբաթական հղի Ռուզաննա Հարությունյանին՝ վնասելով նրա որովայնը:
Կինն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատուն։ Հղիին հետազոտելուց հետո բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թե՛ երեխան, թե՛ մայրն արդեն լավ են։
Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը Ռուզաննա Հարությունյանը, որը նաև երկու տղա ունի, հիշել է՝ դուրս է եկել բակ՝ իր տղային ներս տանելու նպատակով, սակայն չի հասցրել մոտենալ երեխային, քանի որ տանիքից թիթեղը պոկվել ու հարվածել է իրեն, ինչի հետևանքով պատռվածք է ստացել և արյունահոսել։
«Կարճ ժամանակում բժշկուհի Նառա Սուրենովնան և Անահիտ Հովիկովնան արագ կազմակերպեցին կեսարյան հատումը, և ծնվեց բալիկը։ Փառք Աստծո, հիմա դրական փոփոխություններ կան և՛ երեխայի, և՛ ինձ մոտ»,-նշել է նա։
Ռուզաննան խոստովանել է՝ երբ հարված է ստացել, կարծել է՝ դժվար փրկվի, սակայն, ինչպես ինքն է ասում, Աստծո և բժիշկների շնորհիվ ինքն ու բալիկը փրկվել են ու լավ են։ Իրենց փրկությունը հրաշք է համարում։ Ռուզաննան դեռ չի տեսել նորածնին։ Հույս ունի՝ շուտով կտեսնի փոքրիկին։
Մանկաբարձ Նառա Ադամյանն ավելի քան 15 տարի աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատանը։ Նա նշել է՝ սովորաբար վիրահատություններ կատարելու արագ որոշումներ չեն կայացնում, սակայն Ռուզաննայի դեպքն առանձնահատուկ է եղել։
«Դա մեզ ստիպեց արագ կողմոնորշվել, ճիշտ որոշում կայացնել ու չհապաղել, ինչի արդյունքում մենք ունենք առողջ մայրիկ ու երեխա», – շեշտել է նա։