Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված:
Համաձայն ՀՅԴ «Դաշնակցության» հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաև Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում։ Շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ և կառույցներ, մասնավորապես, տարբեր երկրներում գործող Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ և գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։
Նշված կազմակերպությունները ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային և հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության և ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում ՀՀ վարչապետին ու նրա թիմին։
Որպես ելք՝ նշված կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին և գործընկեր 16 կուսակցություններին՝ իրենց բողոքի գործողությունների և առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի հետևյալ կազմակերպություններն ու կառույցները՝ Քուվեյթի Ազգային կառույցներ, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե, Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն, ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն, ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե, ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ, ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն, ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե, Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե, ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե: -0-