Հայաստանում կտրուկ կցրտի. սպասվում են վարարումներ և սողանքներ. ԱԻՆ ղեկավար

18.04.2019, 14:49
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում:
Հայաստանում կտրուկ կցրտի. սպասվում են վարարումներ և սողանքներ. ԱԻՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, հինգշաբթի կառավարության նիստում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նրա խոսքով, Հայաստանում անձրևներն առաջիկա օրերին կշարունակվեն, իսկ ապրիլի 20–ին բավականին ինտենսիվ կլինեն։ Միաժամանակ, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։

«Ջերմաստիճանը կնվազի մինչև 3 աստիճան տաքություն, բայց բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում։ Սառնամանիքներ չեն սպասվում։ Ամենացածր ջերմաստիճանները սպասվում են ապրիլի 20-21–ի գիշերային ժամերին, երբ սնդիկի սյունը ցույց կտա 3-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտրուկ կնվազի և կհասնի գրեթե գիշերային ցուցանիշին։ Սակայն օդերևութաբանները 99 տոկոսով խոստանում են, որ սառնամանիքներ չեն լինի»,– ասաց Ցոլակյանը։

Նա միաժամանակ նշեց, որ արդեն ստացվել է վարարումների մասին առաջին ահազանգն Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից, որտեղ Արաքսի ջրերը բարձրացել են, և դաշտերի ողողման վտանգ է առաջացել։

«Մեր մասնագետներն արդեն ծանոթացել են իրավիճակին, որոշ աշխատանքների անհրաժեշտություն կա»,– ասաց Ցոլակյանը։

Նրա խոսքով, ակտիվացել են նաև սողանքները վեց շրջաններում, սակայն դրանք առավել ակտիվ են Լոռու մարզում, որտեղ կա 600 հազար տոննա հողի իջնելու վտանգ, ինչն ամբողջությամբ կծածկի Աթան գյուղի ճանապարհը։

«Մենք որոշ աշխատանքներ ենք անցկացրել, նախազգուշացրել ենք գյուղապետին, նշաններ ենք կանգնեցրել, սակայն այլընտրանքային ճանապարհի վիճակը շատ վատ է»,– ասաց Ցոլակյանը։
Բացի այդ, ԱԻՆ ղեկավարի խոսքով, ակտիվացել են քարաթափումները և, չնայած, որ մի քանի վայրերում աշխատանքներ են անցկացվել, կան շրջաններ, որտեղ անհապաղ միջամտություն է անհրաժեշտ։

Այս առիթով նա հիշեցրեց, որ 2013 թվականին հաստատվել է սողանքների դեմ պայքարի հայեցակարգ, որի համաձայն, բոլոր նախարարություններն իրենց մասով աշխատանքներ պետք է անցկացնեն, և կոչ արեց կատարել փաստաթղթով նախատեսված կետերը։ -0-