ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Սննդամթերքի թանկացումը Հայաստանում կշարունակվի ընդհուպ մինչև հունվար, հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։
«Մեզ նախազգուշացրել են սննդամթերքի թանկացման մասին դեռևս գարնանը։ Այդ մասին մենք խոսել ենք նաև հուլիսի վերջին, երբ Հայաստանում երաշտ էր, և պատասխանատու ոչ մի նախարարություն այդ հարցը չբաձրացրեց»,– ասաց Բերբերյանը։
Օրեր առաջ հայկական ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել, որ հանրապետությունում թանկացել են որոշ մթերքներ, մասնավորապես, դեֆիցիտ և թանկացում է նկատվում հավկիթի շուկայում։ Նշվում էր, որ ավելի վաղ երկիր ներմուծվող հավկիթները վաճառվում էին 30-40 դրամով, ապա այժմ դրանք վաճառվում են 60-70 դրամով։ Նաև նշվում էր, որ վերջին շրջանում թանկացել է միսը։
Загружается новость ... "Лево"
Բերբերյանի խոսքով, գների աճին հանգեցրել է Հայաստանում գրանցված երաշտը, ինչի հետևանքով թանկացել է անասնակերը։
«Եթե գյուղատնտեսության նախկին նախարարները, օգտվելով դրանից, Հայաստան էին ներգրավում զգալի օգնություն, ապա գործող նախարարը դրա համար ոչինչ չարեց։ Արդյունքում այդ ամենը կհանգեցնի նրան, որ կկրճատվի անասնագլուխը և, բնականաբար, միսը և այլ
մթերքներ կթանկանան։ Դա երևում է արդեն այսօր։ Թանկացել է պանիրը և այլ կաթնամթերքներ։ Նույնը վերաբերում է նաև թռչնամսին»,– նշեց Բերբերյանը։
Նրա խոսքով, կրճատվել է նաև ցորենի և այլ հատիկեղենի բերքը։
Նա կոչ արեց Հայաստանի տնտեսական մրցունակության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Արտակ Շաբոյանին վերահսկել իրավիճակը։
«Դա նրա գործն է։ Օգտվելով նրանից, որ օրենքում կան բացեր և չկան գյուղմթերքի արտադրողներին պաշտպանող օրենքներ, մի շարք վերամշակող ձեռնարկություններ պարզապես թալանում են ֆերմերներին»,– ասաց Բերբերյանը։
«Եթե հասարակությունը սկսի պայքարել այդ թանկացումների դեմ, գները շատ արագ կնվազեն»,– եզրափակեց Բերբերյանը։ -0-