ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիում մինչև հիմա գիշատիչներ են շրջում, Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին պահանջել է գտնել մեղավորներին։
Հունիսի 13–ի լույս 14–ի գիշերը Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հետևանքով ողողվել էին Վերե գետի կիրճում գտնվող օբյեկտները, այդ թվում` կենդանաբանական այգին։ Այգին դարձել է աղետի էպիկենտրոն և խիստ տուժել. ողջ տարածքն ավերված է, բնակիչների մեծ մասը չի փրկվել։ Չորեքշաբթի տեղեկություն էր տարածվել, որ գիշատիչը կենդանաբանական այգու մոտ հարձակվել է մի մարդու վրա և կրծելով սպանել նրան։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտնել է, որ այլևս Թբիլիսիի փողոցներում գիշատիչներ չկան։
«Բնականաբար, պետք է արձագանք լինի, արձագանքը կարող է տարբեր լինել։ Այդ թվում պետք է որոշվի` ով է այս հարցի պատասխանատուն», – ասել է Ցուլուկիանին։
Վրացական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այն տեղեկությունները, թե Թբիլիսիում կենդանաբանական այգուց փախած կենդանիներ այլևս չկան, հիմնվել էին այգու ղեկավարության հաղորդած տվյալների վրա։ Կենդանաբանական այգու աշխատակազմը երեքշաբթի հայտարարել էր, որ շարունակում են փնտրել երկու արջերին, մեկ վագրին և բորենուն։
ԶԼՄ–ների տվյալներով` վագրը ողջ ընթացքում թաքնվել է պահեստի տարածքում։ Ինչպես հայտնել են ականատեսները, ջրհեղեղից հետո վագրին տեսել են շենքի բակում` կեղտի մեջ պառկած, բայց կարծել են, որ նա սատկած է։ Պահեստում չորս մարդ է եղել։ Երեքին հաջողվել է փախչել։-0-