ԱՊՀ երկրների զանգվածային լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն զգան ոչ միայն իրենց ազգային, այլ նաև միջազգային լսարանի առջև, կարծում է Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումի (ԵԱՄՖ) փորձագետ, «Գոլոս Ռոսիի» պետական ռադիոընկերության նախագահ Անդրեյ Բիստրիցկին:
«Մեր ֆորումի իմաստն ինչ-որ չափով այն է, որ մեզ հարկավոր է անցնել պատասխանատվության սահմանը միայն ազգային լսարանի առջև: Գրեթե բոլոր ԶԼՄ-ները, որոնք աշխատում ենք ԱՊՀ տարածքում, նույնիսկ ողջ աշխարհում, պետք է իրենց համար հասկանան, որ մեդիաների գլոբալիզացման դարաշրջանում մեր հնարավորություններն անսահման են»,- երկուշաբթի ֆորումի ընթացքում ասել է Բիստրիցկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ ժամանակակից մեդիաներից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ նա աշխատում է նաև ազգային սահմաններից դուրս գտնվող լսարանի համար:
«Կարծում եմ, որ մեր բիզնեսի հիմքը լոյալ լսարանը ներգրավելու կարողությունն է: Լսարանի չափի հասկացությունն ու մարդկանց առջև ունեցած պատասխանատվությունն ամուր հիմք են ստեղծում, որպեսզի ԶԼՄ-ների աշխատանքը շահավետ և հուսալի լինի»,- ասել է Բիստրիցկին:
Ըստ նրա՝ ծախսածածկումը պարտադիր չէ, որ կառուցվի միայն գովազդային եկամտի վրա: Փորձագետը կարծում է, որ այն կարող է լսարանի հետ երկարատև, կայուն և որակյալ հարաբերությունների վրա հիմնված եկամուտ լինել:
«Եվ վերջինը, ինչը մեզ հարկավոր է հաջողության համար, դա այժմ ԶԼՄ-ների հետ կատարվող իրադարձությունների ընկալումն է: Իմ կարծիքով՝ գիտելիքն այժմ չափազանց հատվածական է, և ես կարաող եմ միայն մի քանի մարդ գտնել, ովքեր ի վիճակի են դրանից գլուխ հանել: Այդ գիտելիքի և պատասխանատվության համադրումը կարող է արժանի գոյություն և զարգացում ապահովել»,- ավելացրել է Բիստրիցկին:
Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումն անցկացվում է նոյեմբերի 21-ին և 22-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Ֆորումի կարգախոսն է` «Անկախության 20 տարի. ԶԼՄ-ներ և հասարակություն»:
Աստանա են ժամանել ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի լրատվամիջոցների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և մեդիաարդյունաբերության առաջատար թոփ-մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:
ԵԱՄՖ-2011-ի ինֆորմացիոն գործընկերներն են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը, «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունը, «Նուռ մեդիա» մեդիահոլդինգը, «Ղազախստանսկայա պրավդա» հանրապետական թերթը, «Խաբար» հանրապետական հեռուստաալիքը, ինչպես նաև «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը:
ԵԱՄՖ-2011-ն անցկացվում է Տպագրության և զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության ֆինանսական աջակցությամբ:
ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել փորձով:
Ֆորումի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Նախորդ տարի ԵԱՄՖ-ն անցկացվում էր Կիևում: Մինչ այդ չորս տարի անընդմեջ Մոսկվան էր ընդունում մեդիահանրության ներկայացուցիչներին:--0—