ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Եկատերինա Իվանովան խորհուրդ է տալիս տրանսպորտում քթով շնչել, ոչ թե բերանով՝ խուսափելու համար ՍՇՎՎ-ից և հարբուխի վարակից:
Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի վարչության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթվա ընթացքում հարբուխի և ՍՇՎՎ-ով հիվանդացությունը մայրաքաղաքում աճել է 26,8 տոկոսով՝ նախորդ շաբաթվա համեմատ և 3 տոկոսով գերազանցել է համաճարակային շեմը: Առաջին հերթին դա երեխաներին է վերաբերում: Ավագ բնակչության շրջանում հիվանդությունը 25,4 տոկոսով ցածր է համաճարակային շեմից: Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ ընդամենը 63,828 հազար մարդ է հիվանդացել, այդ թվում՝ 43,099 հազար երեխա, հիվանդանոց է տեղափոխվել 1,120 հազար մարդ:
«Մարդկանց կուտակումների վայրերում, հատկապես տրանսպորտում, քթով շնչեք: Վարակի համար այնքան էլ հեշտ չէ քթի միջոցով օրգանիզմ մտնել»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է նա:
Իվանովան նաև ավելացրել է, որ պրոֆիլակտիկայի նպատակներով մարդկանց կուտակումների վայրերից՝ հասարակական տրանսպորտից տուն վերադառնալուց հետո անրաժեշտ է լվացվել և մաքրել քիթը: Իսկ տնից դուրս գալուց առաջ ցանկալի է քթի ներսի մասում քսուք քսել:
«Համաճարակի պիկ պահին, երբ շատ են փռշտացող և հազացող մարդիկ, անհրաժեշտ է քթի քսուք օգտագործել, այդ թվում՝ օկսոլինային: Այն շատ լավ է պաշտպանում, դա ուղիղ պրոֆիլակտիկա է և ընդ որում ոչ թանկ»,- նշել է բժիշկը:
Մոսկվացիները կարող են սովորել ճիշտ լվանալ քիթը պրոֆիլակտիկ ակցիայի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: -0-