«Զդորովյե» հեռուստաալիքը, որի գեղարվեստական ղեկավարը կլինի առողջացման ինքնատիպ մեթոդների հեղինակ, Առաջին ալիքի «Մալախով+» հեռուստաշոուի նախկին հաղորդավար Գենադի Մալախովը, թեստային ռեժիմով հեռարձակում կսկսի 2012 թվականին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ալիքի մամուլի ծառայությանը:
Նախորդ տարի Մալախովը չէր ներկայացել «Մալախով+» հաղորդաշարի նոր ծրագրերի նկարահանմանը, ինչի կապակցությամբ Առաջին ալիքը ստիպված էր եղել փոխարինել նրա շոուն մեկ այլ նախագծով: Հեռուստաալիքից չէին կարողանում կապվել հաղորդավարի հետ: Ավելի ուշ Մալախովը խոստովանել էր, որ հոգնել է ծրագիրը վարելուց և վերադարձել է Ռոստովի մարզի Կամեն-Շատխինսկի հայրենի քաղաքը: Նա ասել է, թե չի պատրաստվում վերադառնալ հեռուստատեսություն, այլ «գրքեր կգրի և կվայելի կյանքը»: Բազմաթիվ բժիշկներ քննադատում էին Մալախովի հաղորդոումը՝ ասելով, որ առողջացման ժողովրդական մեթոդների մասին թոք-շոուն մոլորության մեջ է գցում հիվանդ մարդկանց, և նմանատիպ հաղորդումներ չպետք է լինի լավ բժշկություն ունեցող քաղաքակիրթ երկրում:
«Զդորովյե» հեռուստաալիքը, որը ներկայանում է որպես «շուրջօրյա ժամանցային-ճանաչողական ալիք», կհեռարձակվի Eutelsat W7 36° արբանյակից: Օպերատորներ կդառնան, մասնավորապես, «Տրիկոլոր TV»-ն և «ՆՏՎ պլյուսը», խոստանում են հեռուստանախագծի կազմակերպիչները: Բացի այդ, կկազմակերպվեն call-կենտրոն և ալիքի ինտերնետ հեռարձակում: Ալիքի գլխավոր պրոդյուսերն է ԻԿՍ-Միսսիա խմբի հիմնադիր Անդրեյ Սոկոլովսկին: -0-