ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի հաջորդ շաբաթ Ղազախստանում, մտադիր է իր գործընկերներին պատմել, թե ինչ ջանքեր է ձեռնարկում Ռուսաստանը Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի իրավիճակը կարգավորելու համար:
«Ես խոստացել եմ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ ջանքեր է ձեռնարկում Ռուսաստանը, որպեսզի ազդի Աֆրիկայի հյուսիսում և արաբական աշխարհում տիրող իրավիճակի վրա՝ նկատի ունենալով, որ այժմ դա ամենալարված տեղն է: Խոսքն, իհարկե, առաջին հերթին Լիբիայի և մի քանի այլ պետությունների, նաև ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի մասին է»,- ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ ասել է Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: -0-