ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նաբերեժնայա Չելնիի ՆԳՎ-ի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի (ՏՀՊԲ) աշխատակիցները բացահայտել և առգրավել են կասկածելի որակի սպիրտային հեղուկի 6 հազար շիշ, որը վաճառվում էր որպես դաղստանյան կոնյակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«Օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու հայաստանցիներ Նաբերեժնայա Չելնիում զբաղվում են կասկածելի որակի սպիրտային հեղուկի մատակարարմամբ և իրացմամբ: Քաղաքի ՆԳՎ ՏՀՊԲ-ի աշխատակիցները տեղեկությունը ստուգելու համար ավելի քան 500 հազար ռուբլու 1,4 հազար շիշ կոնյակ են գնել՝ «Կիզլյար», «Դաղստան» և «Լեզգինկա» պիտակներով», - նշվում է տեղեկատվության մեջ:
ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ քաղաքի շրջաններից մեկում գտնվող պահեստը ստուգելիս հայտնաբերվել է ավելի քան 1,5 մլն ռուբլու ևս շուրջ 4,5 հազար շիշ ալկոլոհային արտադրանք:
«Փորձաքննությունը ցույց է տվել, որ նմանատիպ կոնյակի օգտագործումը վտանգավոր է մարդու կյանքի և առողջության համար: Այժմ բացահայտվում է առգրավված ալկոհոլային արտադրանքի ծագումը», - նշում է մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդում է գերատեսչությունը, երկու ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների և արտադրանքի արտադրություն, պահում, տեղափոխում կամ օրինականացում և իրացում), որը մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում:-0-