Ռուս տանկիստները զորավարժություններ են անցկացրել Հայաստանի ռազմակայանում
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Տանկային վաշտի զորավարժությունները չորեքշաբթի ավարտվել են Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի զորքի հրամանատարի մամուլի քարտուղար Իգոր Գորբուլը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ անձնակազմի մարզումներն անցկացվել են երեք օր և ավարտվել են տանկիստների, ինչպես նաև մոտոհրաձգային զորամիավորումների երկկողմ զորավարժություններով:
««Ալագյազ» ուսումնամարզական կենտրոնում զինծառայողները դաշտային պայմաններում կատարելագործել են հաստիքային զենքի և ռազմական տեխնիկայի կիրառման, ամրություններ ստեղծելու, մարտի դաշտում փոխգործակցության հմտությունները», - պատմել է Գորբուլը:
Նրա խոսքերով՝ զորավարժությունների հիմնական նպատակն էր տանկային զորամիավորումների կողմից հարձակողական և պաշտպանական մարտում գործողությունների մշակումը:
«Զորավարժությունների ընթացքում գնահատվել է վաշտերի և դասակների հրամանատարների՝ ենթականերին արագ փոփոխվող ռազմական դրության պայմաններում ղեկավարելու հմտությունը, հատուկ ուշադրության է արժանացել տանկերի անձնակազմերի տեխնիկան և սպառազինությունը մարտական կիրառման պատրաստելու հմտությունը», - ասել է մամուլի քարտուղարը:
Նա պարզաբանել է, որ զորավարժություններն անցկացվել են ձմռան ընթացքում վերահսկիչ վարժությունների շրջանակներում: Օկրուգի ներկայացուցչի տվյալների համաձայն՝ 102-րդ ռազմակայանի տանկային զորամիավորումների հետ ձմեռային պարապմունքների շրջանակներում անցկացվել է տարբեր մակարդակի շուրջ 15 մարտավարական զորավարժություն, որոնցից կեսից ավելին՝ մարտական կրակի կիրառմամբ, այդ թվում նաև գիշերային ժամերին:-0-