Աբխազիայի նախագահը հանդիպել է հայկական համայնքի ղեկավարության հետ

24.01.2011, 10:33
Աբխազիայի նախագահը հանդիպել է հայկական համայնքի ղեկավարության հետ
Աբխազիայի նախագահը հանդիպել է հայկական համայնքի ղեկավարության հետ
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշն ընդունել է Ախազիայի հայկական համայնքի ղեկավարությանը, հաղորդում է Analitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը:

Հանդիպմանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Գրիգորի Ենիկը, նրա առաջին տեղակալ Զուրաբ Քաջայան, խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի հայկական համայնքի փոխնախագահ Սերգեյ Մաթոսյանը:

Նախորդ տարվա վերջին կայացած հայկական համայնքի համագումարի ժամանակ ընտրվել էր նոր ղեկավար Սուրեն Կերսելյանը: Նա պետության ղեկավարին ծանոթացրել է համայնքի գործունեության հիմնական ուղղությունների հետ, հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով apsnypress.info-ին: Ինչպես նշել է Կերսելյանը, համայնքի գլխավոր խնդիրը աբխազական պետության ամրապնդման գործում աջակցություն ցուցաբերելն է, որի լիիրավ քաղաքացիներ են աբխազահայերը:

Կերսելյանի խոսքերով՝ կազմակերպության գործունեության հեռանկարային ուղղություններն են երիտասարդներին աջակցելը, պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը: Համայնքի ղեկավարի տեղակալն ու շրջանային կազմակերպությունների ներկայացուցիչները պատմել են հանրապետության շրջաններում իրականացվող աշխատանքի մասին: 

Սերգեյ Բաղապշը նշել է, որ Աբխազիան միշտ եղել և մնում է երկիր, որտեղ խաղաղ կերպով համատեղ ապրում են տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչներ:

Պետության ղեկավարի խոսքերով՝ աբխազահայերն արժանի կերպով իրենց ներդրումն են կատարում Աբխազիայի զարգացման գործում: Նախագահը համայնքի ղեկավարությանը խոստացել է աջակցություն ցուցաբերել Աբխազիայի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:-0-