ԱՊՀ, բալթյան և վրացական ԶԼՄ-ները կոչ են անում ապահովել լրագրողների անվտանգությունը

13.12.2010, 18:54
ԱՊՀ, բալթյան և վրացական ԶԼՄ-ները կոչ են անում ապահովել լրագրողների անվտանգությունը

Հետխորհրդային տարածքի 15 երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ կոչ են անում իշխանություններին պաշտպանել լրագրողի գործունեության ազատությունը, որը չպետք է սպառնա նրանց կյանքին: Այս մասին է ասվում Կիևում ՌԻԱ Նովոստիի նախաձեռնությամբ տեղի ունեցած Եվրոպական և ասիական մեդիաֆորումի եզրափակիչ հայտարարությունում:

Ֆորումին հավաքված խոշորագույն և տպագիր ազդեցիկ պարբերականների ղեկավարները մտահոգություն են հայտնել տարածաշրջանի տարբեր երկրներում լրագրողներին հալածելու փաստերի կապակցությամբ:

«Մարդիկ, ովքեր զբաղվում են հասարակական լսարանում հավաստի տեղեկատվության տարածմամբ, պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն պետության կողմից իրենց կյանքի նկատմամբ սպառնալիքներից և ապահովվեն գործունեության ազատության իրավունքով»,- ասվում է ԵԱՄՖ հայտարարությունում:

ԱՊՀ, բալթյան երկրները և Վրաստանը ներկայացնող լրագրողները պայմանավորվել են Եվրոպական և ասիական լրատվամիջոցների քննարկումն անցկացնել 2011 թվականին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հաջորդ ԵԱՄՖ նախապատրաստման և ընթացիկ հարցերի համակարգման համար որոշում ընդունվեց ԵԱՄՖ մշտական խորհրդի ստեղծման մասին, որի կազմում կընդգրկվի յուրաքանչյուր անդամ պետության մեկական ներկայացուցիչ:

ԵԱՄՖ մասնակիցները նշեցին նաև, որ, չնայած նոր անկախ պետությունների քաղաքական գործընթացների տարբեր վեկտորայնությանը, հետխորհրդային մեդիան հիմնականում ուղղված է տեղեկատվական գործընկերային փոխգործակցության պաշտպանությանը, և հաստատել են ԵԱՄՖ ձևաչափով մամուլի միջոցառումների անցկացման արդյունավետությունը:

Եզրափակիչ փաստաթղթում ֆորումի մասնակիցները հայտարարեցին նաև ԶԼՄ-ների համար նախատեսված կադրերի և գործող լրագրողների վերապատրաստման ուղղությամբ համատեղ համակարգային մոտեցման մասին  և նշեցին ՌԻԱ Նովոստիի կազմակերպչական աջակցությամբ ստեղծված ինտերակտիվ ռեսուրսի՝ ընդհանուր «Հարյուր կողմ» ինտերնետ-թերթի արդյունավետությունը: Թերթի բովանդակությունն այժմ անմիջականորեն կախված կլինի նախագծի բոլոր մասնակիցների ակտիվությունից: -0-