ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով՝ Վլադիկավկազի իշխանությունների հրապարակած զոհերի ցուցակում երեք հայկական ազգանուն կա:
Զոհվածների թվում են՝ Գրիգորյան Սերգեյ Գրիգորի, Գասպարյան Իրինա Գասպարի (1964թ.), Էլբակյան Արսեն Մելսիկի (1986թ.)։ Ցուցակում 14 մարդու անուն է, երկուսը դեռ անհայտ են։
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը դեռ չի հաջողվել կապվել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հետ, որպեսզի ճշտվի՝ տուժածները ՀՀ քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ։
ՌԴ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ հինգշաբթի՝ մոսկովյան ժամանակով մոտ ժամը 10.30-ին, Վլադիկավկազի կենտրոնական շուկայի Ջինաևի փողոցի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ավելի քան 50 մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Թայմուրազ Մամսուրովն ավելի վաղ հայտնել էր, որ տուժածների թիվն արդեն 90-ի է հասել, դրա հետ մեկտեղ նրանցից տասը գտնվում է շատ ծանր վիճակում:
Ըստ դատախազության տվյալների՝ պայթյունի էպիկենտրոն է դարձել «Վոլգա» («ГАЗ-31105») ավտոմեքենան, որի սեփականատերն արդեն հաստատվել է:
Այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի (ահաբեկչական գործողություն), 105-րդ հոդվածի 2-րդ մասի (երկու և ավելի անձանց սպանություն) և 222-րդ հոդվածի (զենքի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով:
Նախկինում Ազգային հակաահաբերկչական կոմիտեն տեղեկություն էր տարածել, որտեղ զգուշացրել էր քաղաքի տարածքում նոր պայթյունների հնարավորության մասին: Դրանից հետո մի քանի ԶԼՄ-ներ՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ԴՔԿ աղբյուրներին, հայտնեցին, որ շուկայի մուտքի մոտ իբրև երկրորդ ռումբն է հայտնաբերվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր աշխատում են պայթյունի վայրում, «ՌԻԱ Նովոսիի» համար հերքել են այդ հաղորդագրությունները:
Կենտրոնական շուկան Վլադիկավկազի ամենամարդաշատ վայրերից մեկն է, և այն արդեն կրկնակի ահաբերկչության օբյեկտ է դարձել: Առաջին պայթյունը որոտացել է 1999թ.-ի մարտին, ընդ որում որոշ տվյալների համաձայն՝ դա տեղի է ունեցել մոտավորապես նույն վայրում, ինչ այսօր:
Արդյունքում ավելի քան 50 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը վնասվածքներ են ստացել:
Երկրորդ անգամ ահաբեկիչները գրոհել են շուկան 2008թ.-ի նոյեմբերին: Այդ ժամանակ շուկայի կանգառում պայթյուն է տեղի ունեցել երթուղային մեքենայում: Քննության տվյալներով՝ ռումբը գործի է դրել կին ահաբեկիչ մահապարտը: Արդյունքում 12 մարդ է զոհվել՝ ներառյալ ահաբեկչությունն իրագործողը, շուրջ 40-ը տարբեր բարդության վնասվածքներ են ստացել: -0-