Մեդվեդևը Բաքվում կքննարկի ՌԴ-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ Կասպյան շրջանում և Լեռնային Ղարաբաղի թեման
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում, որը կսկսվի հինգշաբթի, մտադիր է քննարկել, մասնավորապես, երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը և նրանց փոխգործակցությունը Կասպյան թերակղզում, լրագրողներին է հայտնել ռուսական պետության ղեկավարի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի այցը Բաքու կավարտվի ուրբաթ՝ սեպտեմբերի 3-ին։
ԱՌԵՎՏՈՒՐ, ՋՈՒՐ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ
Պրիխոդկոն հայտնել է, որ այցի արդյունքում, ինչպես ակնկալվում է, պայմանագիր կստորագրվի պետական սահմանի վերաբերյալ և միջկառավարական համաձայնագիր՝ անդրսահմանային Սամուր գետի ջրային պաշարների ռացիոնալ օգտագործման և պահպանման վերաբերյալ։
«Պայմանագիրը կոչված է ամրագրելու պետական սահմանի անցումային գիծը Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հատումից մինչև Կասպից ծով»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ ավելացնելով, որ Ռուսաստանն առաջին երկիրն է, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր է ստորագրում։
Խոսելով ջրային պաշարների վերաբերյալ համաձայնագրի մասին՝ նախագահի օգնականը նշել է, որ փաստաթուղթը նախատեսում է ռուս-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծում, որը սամուրյան ջրի համատեղ կառավարում կիրականացնի պարիտետային հիմքով։
«Այս փաստաթղթերը հիմնարար բնույթ են կրում մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման համար, իրական ավանդ են ներդնում Կովկասի անվտանգության և կայունության ամրապնդման գործում»,- ասել է Պրիխոդկոն։
Ըստ նրա, զգալի նշանակություն է տրվելու նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության հարցերին։
2009 թվականին ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կազմել է 1,78 մլրդ դոլար։ Պրիխոդկոն հայտնել է, որ երկկողմ համագործակցության թեմաների թվում կքննարկվի փոխգործակցությունը Կասպյան հատվածում, բնական պաշարների յուրացումը, բնապահպանությունը, սահմանամերձ շրջանների միջտարածաշրջանային համագործակցության հարցերը, նավթագազային ոլորտի համագործակցությունը, ինչպես նաև ներդրումային գործակցությունը։
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Պրիխոդկոն հայտնել է, որ միջազգային հարցերից բանակցությունների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին, ինչպես նաև միջազգային համագործակցությանը Կասպյան հատվածում։
Կրեմլի աղբյուրն իր հերթին ասել է ՌԻԱ Նովոստիին, որ Մեդվեդևի այցի ընթացքում, ինչպես ակնկալվում է, Բաքվում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, միջազգային այլ թեմաներ, այդ թվում՝ իրավիճակն Իրանում։
Ըստ նրա, Ռուսաստանն ու Ադրբեջանն «ավանդական ջերմ և վստահելի հարաբերություններ ունեն, կողմերը քննարկում են ամենասուր հարցերը»։ Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ հարց է։ Միաժամանակ, նրա խոսքերով, «առավելությունն այն է, որ հակամարտությունը հանգած վիճակում է»։
«Առաջընթաց, թեև քիչ նկատելի, բայց կա, հաջողվում է շարունակել աշխատանքը քաղաքական կարգավորման հունով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Պատասխանելով այն հարցին, թե կքննարկվի՞ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանին վերաբերող հարցը, աղբյուրը հայտնեց, որ ռուսական կողմը մտադիր չէ այն բարձրացնել։
«Մենք չենք ենթադրում, եթե միայն նրանք (ադրբեջանական կողմը) չբարձրացնեն»,- ասել է նա։ Միաժամանակ գործակալության զրուցակիցը նշել է, որ «կայանը չէ գլխավոր հարցը, այլ ղարաբաղյան կարգավորումը»։
Գյումրիում ռուսական ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետի երկարացման փաստաթղթին (մասնավորապես, այն դրույթը, որ բազան, բացի ՌԴ շահերի պաշտպանությունը, կապահովի Հայաստանի անվտանգությունը) ադրբեջանական վերաբերմունքի շուրջ մեկնաբանություն տալու խնդրանքին պատասխան, Կրեմլի աղբյուրը նշել է, որ այդ փաստաթուղթը «սահմանների պաշտպանության և ոչ ռազմատեխնիկական համագործակցության հարց է»։
«Մենք չենք ասում, թե կպաշտպանենք սահմանները՝ գործելով ադրբեջանցիների դեմ։ Ադրբեջանում արձագանքը տարբեր է՝ իրական վիճակին ծանոթ մարդիկ, չեմ կարծում, թե շատ են անհանգստանում, այլ հարց է ընդդիմադիր կուսակցությունների դեպքում... բայց մենք դրան հանգիստ ենք վերաբերվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հայտնել է նաև, որ Մեդվեդևի և Ալիևի բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև իրանական հարցը։
«Ես չեմ բացառում, որ անդրադարձ կկատարվի Իրանի հետ համագործակցության հարցերին, քանի որ նա (Ադրբեջանը) Իրանի հարևանն է և ավելի սուր է զգում այն, ինչ տեղի է ունենում»,- ասել է աղբյուրը։
«Մեզ հետաքրքիր կլինի ադրբեջանցի գործընկերների գնահատականն ու վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Իրանում և նրա շուրջ»,-ասել է նա։
Աղբյուրը հայտնել է նաև, որ ռուս-ադրբեջանական բանակցություններում կողմերը կանդրադառնան նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցերին, բայց չի հստակեցրել այդ թեման։ -0-