Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Եվրոպայի երկրների ավելի քան 50 մարզի 200 մասնակից կմասնակցի Կալինինգրադում օգոստոսի 13-14-ն անցկացվող Բալթյան կրթական ֆորումին, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել մարզային կառավարության ներկայացուցիչը:
«Ֆորումին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 200 մասնակից, որոնք ներկայացնում են Ռուսաստանի ավելի քան 50 մարզերը, Բելառուսը, Հայաստանը, Բալթյան երկրները, Լեհաստանը, Գերմանիան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան: Մասնակիցների թվում են Տյումենի և Պսկովի մարզպետների տեղակալները, Ալթայի և Կրասնոդարի երկրամասերի փոխղեկավարները, ավելի քան 50 տարածքային կրթության նախարարներ, փոխնախարարներ, կրթության դեպարտամենտների ղեկավարներ և կրթության կոմիտեների նախագահներ, Ռուսաստանի մի շարք առաջատար բուհերի ռեկտորներ, որոնց թվում են Մոսկվայի պետական համալսարանը, Պետական համալսարան-Տնտեսության բարձրագույն դպրոցը, Սանկտ Պետերբուրգի համալսարանը և այլն», - նշվում է տեղեկատվության մեջ:
Ֆորումին կմասնակցի նաև ՌԴ ԿԳ նախարար Անդրեյ Ֆուրսենկոն:
Ֆորումին կմասնակցեն նաև իշխանության մարզային մարմինների ավելի քան 40 ղեկավարներ, մանկավարժների որակավորման բարձրացման հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և մասնագետներ, դպրոցների և գիշերօթիկ դպրոցների, տարրական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրեններ, հասարակական և այլ կազմակերպությունների ղեկավարներ:
Մարզային կառավարության տվյալների համաձայն, ֆորումի շրջանակներում միայն հանրակրթական և նախադպրոցական կրթության զարգացման հարցերի շուրջ 24 թեմատիկ հարթակների աշխատանք է նախատեսվում:
Ռուսաստանի Կանտի անվան պետական համալսարանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ֆորումի աշխատանքը հիմնականում նվիրված կլինի ակադեմիական և գիտական համագործակցության զարգացմանը:
«Նախատեսված են մի քանի բանավեճեր, որոնց թվում են ակադեմիական և հետազոտական շարժունակությունը՝ որպես համալսարանների զարգացման գործիք, ցանցային տեխնոպարկային կառույցները՝ որպես համալսարաններում գիտության զարգացման գործոն, ինչպես նաև ակադեմիական շարժունակությունը և կրթական ծառայությունների արտահանումը», - պարզաբանել է Ռուսաստանի Կանտի անվան պետական համալսարանի ներկայացուցիչը:-0-