ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օդերևութաբանները կանխատեսում են, որ երեքշաբթի Մոսկվայում կգրանցվի «հոբելյանական»՝ քսաներորդ ռեկորդն ամռան ընթացքում և ութերորդն՝ օգոստոսի ընթացքում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետը։
Մոսկվայի նորմայից դուրս շոգն այս ամառ տարվա բացարձակ առավելագույն ցուցանիշն է սահմանել. նոր նիշն արձանագրվել է հուլիսի 27-ին, երբ ջերմաստիճանը եղել է 38,2 աստիճան։ Իսկ երկուշաբթի օդերևութաբանները Մոսկվայում արձանագրել են հերթական, օգոստոսի ընթացքում յոթերորդ «շոգ» ռեկորդը՝ պլյուս 33,3 աստիճան, ինչը մեկ աստիճանով գերազանցում է գրեթե 120-ամյա վաղեմության օգոստոսի 9-ի առավելագույն ցուցանիշը։ Տապից ու սմոգից հոգնած քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են շոգի գոնե մի փոքր թուլացմանը, որը մասնագետները խոստանում են օգոստոսի երկրորդ տասնօրյակում։
«Այսօր մոսկովյան տարածաշրջանում ոչ նորմալ շոգ եղանակը դեռևս կպահպանվի։ Կեսօրին օդը կտաքանա մինչև պլյուս 36-38 աստիճան, այնպես որ հերթական ռեկորդը հաստատ կսահմանվի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա տվյալներով, առայժմ օգոստոսի 10-ի ռեկորդը գրանցվել է է 1893 թվականին և կազմում է պլյուս 31,7 աստիճան։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի բացարձակ ռեկորդը սահմանվել է բոլորովին վերջերս՝ օգոստոսի 6-ին, և ներկայում կազմում է 37,3 աստիճան տաքություն։
Այնուհետև, դեպի Մոսկվա Եվրոպայից ավելի սառը մթնոլորտային ճակատի մոտացման հետ կանխատեսվում է մայրաքաղաքում ջերմաստիճանի ֆոնի աստիճանական նվազում՝ մոտ հինգ աստիճանով։
«Ցերեկային առավելագույն ջերմաստիճանը կկազմի պլյուս 33-35 աստիճան, ինչը, սակայն, առաջվա պես բարձր կլինի տարվա այդ եղանակի սովորական ցուցանիշներից։ Այսպես, օրվա ռեկորդը օգոստոսի 11-ի համար կկազմի 34,1 աստիճան»,- նշել է օթերևութաբանը։ -0-