ԵՄ-ն հորդորում է Վրաստանի իշխանություններին վերսկսել երկխոսությունը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի բնակչության հետ

15.07.2010, 13:04
ԵՄ-ն հորդորում է Վրաստանի իշխանություններին վերսկսել երկխոսությունը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի բնակչության հետ
ԵՄ-ն հորդորում է Վրաստանի իշխանություններին վերսկսել երկխոսությունը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի բնակչության հետ

Եվրամիության միջազգային գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը, ով հինգշաբթի սկսել է իր առաջին այցը Վրաստան, հանրապետության իշխանություններին հորդորել է թարմացնել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի բնակչության հետ երկխոսությունը։

«Մենք հորդորում ենք Վրաստանին թարմացնել երկխոսությունը կոնֆլիկտային տարածաշրջանների բնակչության հետ՝ վերջերս ընդունված Գործողությունների ծրագրին համապատասխան՝ ելնելով տուժած մարդկանց շահերից»,- ասվում է Էշտոնի հայտարարության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստին այցի նախօրեին։

Ըստ նրա, ԵՄ-ն «իր ունեցած գործիքների լայն շրջանակի օգտագործմամբ» լիովին ներգրավված է մնում  հակամարտությունների կարգավորման ջանքերում։

 «Եվրամիության մոնիտորինգային առաքելությունը կայունության կենսական կարևորություն ունեցող գործոն է մնում»,- նշել է Էշտոնը։

Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Եվրամիությունը կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ «ողջունելով հանրապետության իշխանությունների հակվածությունը հակամարտությունների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը»։

Աբխազիան ու Հարավային Օսեթիան դե-ֆակտո ինքնավար մարզ են համարվում 1990-ականների սկզբից: 2008թ.ի օգոստոսին, Վրաստանի հետ հնգօրյա պատերազմից հետո, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Նրան հետևեցին Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: Թբիլիսին այս անդրկովկասյան պետությունները համարում է Ռուսաստանի կողմից գրավված տարածքներ:-0-