Ռուսաստանը 2018 կամ 2022 թվականներին Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հայտ է ներկայացրել ՖԻՖԱ-ի կոնգրեսի շրջանակներում, «ՌԻԱ Նովոստիին» հեռախոսով տեղեկացրել է ՌԴ սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն:
ՖԻՖԱ-ի կոնգրեսն անցկացվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ հունիսի 11-ին մեկնարկում է Ֆուտբոլի 2010 թ.-ի աշխարհի առաջնությունը: Բացի Մուտկոյից ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ֆուտբոլիստներ Անդրեյ Արշավինն ու Ալեքսեյ Սմերտինը, ինչպես նաև գործարար Ռոման Աբրամովիչը:
«Հայտի ներկայացումը նրա առաջխաղացման տարրերից մեկն է», - ասել է Մուտկոն: «ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ բոլոր թեկնածու-երկրներն ունեին հավասար պայմաններ, ամեն երկիր ներկայացրեց իր հայտը»:
Մուտկոյի խոսքերով՝ «մեր տաղավարը հանրաճանաչություն էր վայելում»:
«ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամներն այցելեցին մեր տաղավար: Բացի այդ, կարճատև հանդիպում է տեղի ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հետ: Շուվալովը նրան է փոխանցել հատուկ ուղերձ և աշխարհի առաջնության մեկնարկի կապակցությամբ շնորհավորագիր», - տեղեկացրել է ՌԴ սպորտի նախարարը:
Ֆուտբոլի 2018 թ.-ի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքի թեկնածուներն են Անգլիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ինչպես նաև համատեղ հայտեր են ներկայացրել Նիդեռլանդներն ու Բելգիան, Իսպանիան և Պորտուգալիան: 2022 թ.-ի աշխարհի առաջնությունն անցկացնելուն հավակնում են վերը նշված երկրները, այդ թվում նաև Ավստրալիան:
2018 և 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնության մայրաքաղաքների անունները հայտնի կդառնան 2010 թ.-ի դեկտեմբերի 2-ին, երբ կկայանա ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի հատուկ նիստը:-0-