ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը դիտորդներ չի ուղարկի փետրվարի 7-ին նշանակված Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին հետևելու համար, ինչպես նաև կոչ է անում միջազգային կազմակերպություններում աշխատող վրացի դիտորդներին վերադառնալ հայրենիք, չորեշքաբթի հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուկրաինայում հունվարի 17-ին անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը: Փետրվարի 7-ին կայանալիք երկրորդ փուլում պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ընդդիմադիր Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիտկոր Յանուկովիչն ու ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
«Վրաստանը Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին դիտորդներ չի ուղարկի, քանի որ վրացի դիտորդների հարցը բազմաթիվ կարծիքների պատճառ էր դարձել: Նաև կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին, ովքեր հրավիրվել են Ուկրաինա միջազգային կազմակերպությունների կողմից և հետևում են ընտրություններին, վերադառնալ հայրենիք», - հայտարարել է Մանջգալաձեն:
Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանի խնդիրը Ուկրաինային ընտրություններին միջամտելը և որևէ թեկնածուի աջակցելը չէր:
Ավելի վաղ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել Վրաստանից ժամանած ավելի քան երկու հազար դիտորդին հունվարի 17-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ: Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Տատյանա Կոռնյակովան հունվարի 29-ին հայտարարել էր, որ ԿԸՀ-ն կասկածներ ունի այդ քաղաքացիների գրանցման օրինականության կապակցությամբ նրանց հայցադիմումները ուսումնասիրելուց հետո, «որոնք գրանցվել են նույն ձեռագրով՝ ոչ ստույգ անձնագրային տվյալներով և չնշված բնակության վայրով»: Բացի այդ, Կոռնյակովայի խոսքերով՝ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր վրացական անձնագրեր են ստացել միայն 2009 թ.-ի վերջին, սահմանը հատելիս չեն կարողացել հստակ ներկայացնել իրենց այցելության նպատակը:-0-