Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդբաևը ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում իր առաջին այցը մտադիր է կատարել փետրվարին Հարավային Կովկասի երկրներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում իմ առաջին այցը մտադիր եմ կատարել փետրվարի կեսերին Հարավային Կովկասի երկրներ»,- հայտարարել է նա հինգշաբթի՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ՝ նվիրված ԵԱՀԿ-ում Ղազախստանի՝ հունվարին մեկնարկող նախագահությանը:
««Երկարատև կոնֆլիկտների» կարգավորմանն աջակցելը ցանկացած նախագահության անփոփոխ առաջնահերթությունն է, և մենք կջանանք մեր ներդրումն ունենալ այդ դժվար գործընթացում»,- ընդգծել է Սաուդբաևը:
Միաժամանակ ԵԱՀԿ-ն, նրա խոսքերով, «պետք է ձգտի նմանատիպ կոնֆլիկտների ծագումը կանխելու հնարավորություն գտնել, քանի որ դրանք հանգեցնում են մարդկային ողբերգությունների և հումանիտար աղետների»:--0--