Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավապահ, հակահրդեհային, վթարային-փրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը, հաղորդում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը:
Ինչպես ասվում է տեղեկատվության մեջ, դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ՀԱՊԿ քարտուղարությունը, որը հանդես է գալիս որպես դեպոզիտարիա, ստացավ Կազմակերպության՝ Համաձայնագիրը ստորագրած անդամների կողմից ներպետական գործընթացների կատարման մասին չորրորդ գրավոր ծանուցումը, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար:
ՀԱՊԿ իրավապահ, հակահրդեհային, վթարային-փրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը ստորագրվել է Կազմակերպության անդամ-երկրների նախագահների կողմից 2008 թ.-ի սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ:
2009 թ.-ի հունիսի 18-ին փաստաթուղթը վավերացվել է Բելառուսի կողմից, 2009 թ.-ի օգոստոսի 4-ին և նոյեմբերի 18-ին՝ համապատասխանաբար Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացրած չորրորդ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է:
Կադրերի պատրաստման ոլորտը Համաձայնագրով սահմանվում է որպես անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ոլորտում կողմերի արդյունավետ փոխգործակցությունն ապահովող կարևորագույն գործոն:
Ըստ փաստաթղթի՝ կադրերի պատրաստումն իրականացվելու է ինչպես վճարովի, այնպես էլ արտոնյալ կամ անհատույց հիմքով: Արտոնյալ հիմքով պատրաստման դեպքում ընդունող կողմն իր վրա է վերցնում ուսման ծախսերը, իսկ ուղարկող կողմը՝ բնակության և սննդի ծախսերը: Անհատույց հիմքով պատրաստման դեպքում ընդունող կողմն իր վրա է վերցնում ինչպես ուսման, այնպես էլ բնակեցման և սննդի ծախսերը:
Ուսուցումը կարող է ընդունող կողմը կազմակերպել առանձին՝ հատուկ ֆակուլտետներում, կուրսերում, խմբերում և համատեղ՝ իրավապաշտպան, հրդեհաշիջման, վթարային-փրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ միասին: Կադրերի պատրաստումն ու ուսումնական գործընթացի մեթոդաբանական ապահովումն պետք է իրականացվի ռուսաց լեզվով:
Ըստ համաձայնագրի՝ կողմերը նաև պարտավորվել են վերը նշված կադրերի պատրաստման ուղղությամբ փոխադարձ օգնություն ցուցաբերել ազգային ուսումնական հաստատությունների զարգացման գործում: Այս ամենը նախատեսում է ուսումնական ձեռնարկների, ուսումնական գրականության և ուսումնական-նյութական բազայի տարրերի փոխանցում, համատեղ պատրաստում և գիտական, ուսումնական, տեղեկատվական և այլ նյութերի հրատարակում, կողմերից մեկի մասնագետների գործուղում՝ այլ կողմի ուսումնական հաստատություններում դասավանդելու համար:-0-