Մեդվեդևն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

25.11.2009, 10:22
Մեդվեդևն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևը երեքշաբթի  հանդիպման ընթացքում մանրամասն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակության հետ կապված իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովային:

«Ւլհամ Ալիևը մանրամասն տեղեկացրել է Դմիտրի Մեդվեդևին Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցությունների հերթական փուլի արդյունքների մասին, որին մասնակցել են նաև Մինսկի խմբի ներկայացուցիչները», - ասել է նա: «ՌԴ նախագահը ողջունել է բանակցային գործընթացի դրական տեղաշարժն ու հավաստիացրել գործընկերոջն այն մասին, որ Մոսկվան հետագայում ևս կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար», - ավելացրել է Տիմակովան:

Նրա խոսքերով՝ նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության, այդ թվում նաև տնտեսության ոլորտին առնչվող հարցերը, ինչպես նաև բարձր մակարդակով հետագա շփումների ժամանակացույցը:-0-