Արոնյանն առաջին պարտությունն է կրել Տալի հուշամրցաշարում

12.11.2009, 11:59
Արոնյանն առաջին պարտությունն է կրել Տալի հուշամրցաշարում

Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել Մոսկվայում անցկացվող Շախմատի Տալի XXI կատեգորիայի գերմրցաշարում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Վեցերորդ փուլում Արոնյանը սև խաղաքարերով զիջել է իսրայելցի շախմատիստ Բորիս Գելֆանդին և այժմ 3 միավորով նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենի հետ կիսում է 5-6-րդ տեղերը:

Վեցերորդ փուլն, ի տարբերություն նախորդ փուլերի, բավականին արդյունավետ էր: Ոչ-ոքի գրանցվեց միայն երկու հանդիպումներում՝ Պետեր Լեկո (Հունգարիա)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) և Մագնուս Կառլսեն – Վիշի Անանդ (Հնդկաստան):

Բացի Գելֆանդից հաղթանակ են տարել Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), ով սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Ռուսլան Պոնոմարենկոյին (Ուկրաինա) և Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), ով սև խաղաքարերով հաղթանակ է տարել Ալեքսանդր Մորոզևիչի (Ռուսաստան) նկատմամբ:

Վեց փուլերից հետո Կրամնիկն ունի 4,5 միավոր, Անանդը՝ 4 միավոր, Գելֆանդը, Իվանչուկը՝ 3,5-ական միավոր, Կառլսենը, Արոնյանը՝ 3-ական միավոր, Պոնոմարյովը՝ 2,5 միավոր, Սվիդլերն ու Լեկոն՝ 2-ական միավոր:

Այսօր յոթերորդ փուլում ուժերը կչափեն Արոնյան-Կրամնիկ, Անանդ-Մորոզևիչ, Սվիդլեր-Կառլսեն, Իվանչուկ-Լեկո, Պոնոմարյով-Գելֆանդ զույգերը:

Միխայիլ Տալը (1936—1992) խորհրդարային շախմատիստ է, շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոնը  (1960—1961):-0-