Մինսկում կհավերժացնեն Բելառուսում Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված 33 հազար հայերի հիշատակը, տեղեկացնում է Հայաստանի ԱԳն մամուլի ծառայությունը։
Համաձայն հաղորդագրության՝ Բելառուսի մայրաքաղաքում կկանգնեցվի զոհված հայերի հիշատակը հավերժացնող հայկական ավանդական խաչքար։
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ խաչքարի տեղադրմանն առնչվող հարցերը քննարկվեցին նախօրեին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի և Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյի հանդիպման ժամանակ։ Եսայանը հույս հայտնեց, որ խաչքարը կկանգնեգվի մինչև տարեվերջ։
Զրուցակիցները քննարկեցին Մինսկի և Երևանի միջև բարեկամության և համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։
ՀՀ դեսպանը նշեց, որ 2002թ. հունիսի 6-ին Երևան և Մինսկ քաղաքների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքմամբ մեկնարկած գործընթացը անհրաժեշտ է ընդլայնել և խորացնել: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները նոր են և լրջորեն տրամադրված են առանձնահատուկ ուշադրություն դարձնել նշված հարցերին:
«Նշելով, որ Մինսկը Եվրոպայի ամենախնամված քաղաքներից մեկն է և աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ, դեսպան Եսայանը շնորհավորեց Նիկոլայ Լադուտկոյին սեպտեմբերի 12-ին Մինսկ քաղաքի 942-ամյակի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։ -0-