Վանդալության ակտ է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասի Դինսկոյ շրջանի Վասյուրինսկայա ավանում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, հայերի շուրջ տասը գերեզմանաքարեր քանդվել և պղծվել են նացիստական խորհրդանիշներով:
Կեռխաչից բացի, բարբարոսները նաև գրություններ են թողել, որոնք վիրավորում են հայերի ազգային արժանապատվությունը:
«Դեռ օգոստոսի 30-ին քանդվել և ֆաշիստական նշաններով պղծվել էին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածքային բաժանմունքի ղեկավարներից մեկի ծնողների գերեզմանաքարերը: ՌԴ միլիցիայի բաժանմունքում այդ փաստն արձանագրվել էր, սակայն միլիցիայի տեղական ղեկավարության խնդրանքով վանդալության փաստը որոշվել էր չհրապարակվել: Սակայն մի քանի օր անց ամեն ինչ կրկնվեց շատ ավելի մեծ մասշտաբներով», - ասվում է տեղեկատվության մեջ:
Իրավապահ մարմինները վստահեցնում են, որ գերեզմանաքարերը պղծողներին փնտրելու համար կձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կուբանում ֆաշիստների թիրախ են դառնում հայկական գերեզմանաքարերը:-0-