ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվել է այցելել Բաքվի «Շեհիդների ծառուղի», որտեղ ամփոփված են Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանցիների կողմից ծավալած պատերազմում զոհված զիվորները:
Մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն՝ Ասադը հրաժարվել է այցելել գերեզմանատուն, թեև ադրբեջանական պետական արարողակարգի համաձայն՝ այդ այցելությունն ընդգրկված էր այցի ծրագրում:
Փորձագետները կարծում են, որ այդ քայլով Սիրիայի նախագահը ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հարցում Հայաստանի հետ համերաշխություն է դրսևորել:
Հունիսին Բաշար Ասադը պաշտոնական այցով եղել է Հայաստանում, որտեղ արհայտվել է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի օգտին:
Ադրբեջանում հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ՝ սիրիական պետության ղեկավարը շեշտել է, որ Սիրիան լավ հարաբերությունների մեջ է ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերի հետ, և Սիրիան կարող է իր ներդրումն ունենալ Ղարաբաղյան հարցի լուծման գործում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-