Ուկրաինային մասշտաբային սոցիալական ճգնաժամ է սպառնում, որի պատճառը երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով կենսամակարդակի անկումն է, երեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի խոշորագույն ընդդիմադիր Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Քաղաքական ճգնաժամն ակնհայտ է, ֆինանսական ճգնաժամը ևս, այժմ մենք սոցիալական ճգնաժամի շեմին ենք: Դա ամենասարսափելին է, քանի որ դրա ետևում մարդկանց ճակատագրեր են կանգնած», - ասել է Յանուկովիչը Կերչում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ուկրաինայում արտադրության նման անկում չէր եղել հետպատերազմյան տարիների ընթացքում: Արդյունաբերության անկում ավելի քան 30 տոկոսով, աշխատավարձի անկում՝ 12 տոկոսով», - ասել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:
Նրա խոսքերով, Ուկրաինայի համար ճգնաժամային տնտեսական իրավիճակում երկրի ղեկավարության համար գլխավոր խնդիրը պետք է դառնա աշխատավարձի և թոշակների բարձրացումը: Այլ քաղաքական նախաձեռնությունները, ինչպիսիք են՝ պատգամավորական անձեռնմխելիության դադարեցումը, Յանուկովիչը համարել է անպետք «քաղաքական մանիպուլյացիա»:
Տարածաշրջանների կուսակցության խմբակցությունը երրորդ շաբաթն է՝ փոքր ընդհատումներով արգելափակում է Ուկրաինայի խորհրդարանի աշխատանքը՝ պահանջելով առաջնահերթային կարգով քննել աշխատավարձերի և թոշակների բարձրացման մասին հարցը: Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած կառավարությունն այդ նախաձեռնությունները պոպուլիզմ է համարում և նշում է ընդդիմության առաջարկությունների ընդունման դեպքում գնաճի մեծացման վտանգը: Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի խմբակցությունն իր հերթին առաջարկում է խորհրդարանի նիստերի օրակարգում ներառել պատգամավորական անձեռնմխելիությունը չեղյալ համարելու մասին հարցը:-0-