ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «պատրաստ չէ լուրջ փոփոխությունների», այդ պատճառով նրա հրաժարականը պահանջող ընդդիմության ակցիաները կշարունակվեն և ավելի արմատական կդառնան, «Մաեստրո» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Լևան Գաչեչիլաձեն, ով դրանից առաջ հանդիպել էր Վրաստանի նախագահի հետ։
«Սահակաշվիլին միանգամայն այլ կերպ է ընկալում երկրում ստեղծված իրավիճակը... Մեր պայքարը պետք է խստացվի և դառնա ավելի արմատական», - ասել է Գաչեչիլաձեն։
Երեքշաբթի Սահակաշվիլու հրաժարականը պահանջող ընդդիմությունը, որը ապրիլի 9-ից ակցիաներ է անցկացնում, ևս մեկ ակցիա է անցկացրել Վրաստանի ՆԳՆ-ի շենքի մոտ՝ նման կերպով նշելով Թբիլիսիում անցկացվող զանգվածային հանրահավաքների երկու ամիսը։
Գաչեչիլաձեն չի բացառել, որ նախագահի հետ իր հանդիպումը կարող է շուտով հասարակության որոշակի մասի քննադատության առարկան դառնալ, սակայն, Գաչեչիլաձեի խոսքերով, այս հանդիպման ետևում «երկրի շահերն էին»։
«Ինձ համար հեշտ չէր նման որոշում ընդունել», - ասել է Գաչեչիլաձեն։
Ըստ Գաչեչիլաձեի՝ հանդիպման դրական կողմն այն է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդդիմության բողոքի ակցիաների ընթացքում տարբեր մեղադրանքներով ձերբակալված անձանց ազատ արձակման մասին։
Գաչեչիլաձեի խոսքերով՝ Սահակաշվիլին երկրի իրավիճակը փակուղային է համարել և «նման կերպ, փաստորեն, ընդունել է երկրում գոյություն ունեցող ճգնաժամը», ինչի առկայությունը ընդդիմության ակցիաների ողջ ընթացքում ոչ նախագահը, ոչ իշխանությունները չէին ցանկանում ընդունել։-0-