ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի, բացելով ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 23-րդ նիստը, կոչ է արել երկրներին՝ համախմբել ջանքերը հակաճգնաժամային արձագանքման համար, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության հատուկ թղթակիցը։
«Չնայած բարդ տնտեսական ֆոնին՝ մենք չենք նվազեցնում ինտեգրացիոն գործընթացների տեմպը։ Մենք մտադիր ենք ամբողջական ծավալով օգտագործել փոխադարձ ինտեգրման բոլոր առավելությունները։ Անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը հակաճգնաժամային արձագանքման համար», - ասաց Պուտինը։
Պուտինի խոսքերով՝ այսօր Միջպետական խորհուրդը կընդունի մի շարք կարևոր որոշումներ։
«Մենք առաջ ենք շարժվել 95 տոկոսով, համաձայնեցրել ենք սակագները, և այսօր պետք է որոշ բաներ լրացուցիչ քննարկենք», - պարզաբանեց նա։
ՌԴ վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին, այդ թվում նաև ռուսական, բելառուսական և ղազախական կողմին՝ վերջին ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքի համար։
«Ուզում եմ նշել, որ մաքսային միության ձևավորումն արագացնելու նախաձեռնությունը պատկանումէ Ղազախստանի նախագահ Նազարբաևին, ով հնարավոր համարեց ավարտել հիմնական ընթացակարգերը մինչև 2010 թ.-ի հունվարի 1-ը», - ընդգծեց նա։
«Մենք ակտիվ աշխատանք ենք իրականացնում այդ առաջարկության իրականացման ուղղությամբ։ Պետք է նշեմ, որ բելառուսական ուղղությամբ, մենք, այնուամենայնիվ, ավելի առաջ ենք անցել։ Վերջին ամիսների ընթացքում մեծ ծավալով աշխատանք է իրականացվել նաև Ռուսաստանի և Ղազախստանի միջև։ Ես վստահ եմ, որ այդ խնդիրը հաղթահարելի է, և մեր այսօրվա հանդիպումը ևս կնպաստի այդ ծրագրի իրագործմանը», - եզրափակեց ՌԴ կառավարության ղեկավարը։-0-