ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լոնդոնը, Փարիզն ու Աթենքը Եվրոպայի ամենակեղտոտ փողոցների եռյակում են, երեքշաբթի գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ամերիկյան TripAdvisor ընկերության կազմած եվրոպական քաղաքների վարկանիշին:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, TripAdvisor ընկերության կազմած եվրոպական քաղաքների վարկանիշը կազմվել է ըստ այդ քաղաքներն այցելած մարդկանց գնահատականի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Միաժամանակ, հայտնում է թերթը, Եվրոպայի ամենամաքուր քաղաքներն են ճանաչվել Կոպենհագենը, Ամստերդամն ու Բարսելոնան, «ընդ որում Բարսելոնան բոլորից առաջ է իր ճարտարապետական գեղեցկությամբ»:
Պարբերականի տեղեկատվության համաձայն, վարկանիշում ընդգրկված միակ ռուսական քաղաքը Մոսկվան է: ՌԴ մայրաքաղաքը հիշատակվել է երեք «բացասական» կարգերում: «Ամենաքիչ բարյացակամ քաղաք»՝ երրրորդ տեղ, «Ամենավատ խոհանոց»՝ երկրորդ տեղ, «Ամենավատ հագնված բնակիչներ»՝ երրորդ տեղ, հստակեցնում է թերթը: Ինչպես ավելացնում է թերթը, Մոսկվայի քաղաքապետարնում համամիտ չեն TripAdvisor-ի եզրակացությունների հետ:
«Այդ գործակալության վարկանիշները հրապարակվում են գարնանը՝ զբոսաշրջային սեզոնի սկզբին, և Մոսկվային միշտ նեղացնում են: Վերջերս ամենաթանկ քաղաքը կոչեցին, այն դեպքում , երբ մեզ մոտ մետրոյով երթևեկելն ամենէժանն է աշխարհում, ամենաէժանն է նաև հացը: Մեր հյուրընկալությունը ամենացածր մակարդակում է ներկայացված, թեպետ ռուսները միշտ չափազանց բարյացակամ են: Մեր աղջիկները լավ են հագնվում, իսկ ինչ վերաբերում է խոհանոցին, հենց մեզ մոտ են աշխարհի ամենալավ խոհանոցներն ու խոհարարները: Մոսկվան աշխարհի ամենալավ երկիրն է»,- գրում է թերթը՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի զբոսաշրջության կոմիտեի մամուլի քարտուղար Դմիտրի Շուլցևին:-0-