ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի ամռանն Իսիկ-Կուլում
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի վերջին Ղրղզստանի Իսիկ-Կուլ բարձրլեռնային առողջարանային լճի ափին, երկուշաբթի հայտարարեց հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ադախան Մադումարովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«ՀԱՊԿ երկրների ղեկավարները կհավաքվեն Չոլպոն-Աթայում հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին։ Ներկայումս մշակվում է ոչ պաշտոնական հանդիպման օրակարգը»,- ասաց Մադումարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր կողմից նշել է, որ Կազմակերպության երկրները մտադիր են քննարկել «ՀԱՊԿ երկրների ռազմական բաղադրիչի կերպարը հեռանկարում»։ ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-