«Մերոնք» երիտասարդական շարժման ակտիվիստները վրացական դեսպանության մոտ են դրել ավելի քան մեկուկես հազար թառամած վարդեր, որոնք, նրանց կարծիքով, խորհրդանշում են «գունավոր հեղափոխության» տապալումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք թառամած վարդեր ենք բերել, Վրաստանի հեղափոխության թառամած վարդեր։ Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում 2003 թվականին, չբերեց վրաց ազգին հասարակական բարգավճում, հաջողություն և խաղաղություն։ Վրաստանի ժողովուրդն այլևս չի կարող հանդուրժել կիսախելագար նախագահին»,- ՌԻԱ Նովոստիին է հայտնել շարժման հանձնակատար Մարիա Դրոկովան։
Երիտասարդներն ասում են, որ բերել են ուղիղ 1850 թառամած վարդ, այն օրերի թվով, որ իշխանության ղեկին է գտնվում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Նրանք քայլել են կազմակերպված թափորով և լուռ դրել ծաղիկները՝ իրենց երթն անվանելով սգո երթ՝ «վարդերի վրացական հեղափոխության սգո երթ»։
«Մերոնք» սատարում են բոլորին, ովքեր հանդես են գալիս Թբիլիսիում Սահակաշվիլու դեմ և նրա հրաժարականն են պահանջում։ Երիտասարդները համոզված են նաև, որ Վրաստանում «պետք է անցկացվեն վաղաժամկետ ընտրություններ, և եղբայրական վրաց ժողովուրդը պետք է ունենա նոր առաջնորդ, ով կկարողանա հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ և երջանկացնել ժողովրդին»։
«Մերոնք» շարժումը ցույցեր է կազմակերպում Վրաստանի և Մոլդովայի դեսպանությունների մոտ նախորդ շաբաթվանից։ Թբիլիսիում Վրաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ապրիլի 9-ից ակցիաներ են անցկացնում Սահակաշվիլու հրաժարականի պահանջով։ -0-