ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկի ղեկավարները հավանության են արժանացրել այն առաջարկությունները, որոնք Ռուսաստանը կներկայացնի Լոնդոնում ապրիլի 2-ին կայանալիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը։
Նրա խոսքերով՝ հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք առաջարկություններ, որոնք Ռուսաստանը կարող է ներկայացնել G-20-ին։
Այսպես, ԱՊՀ երկրները պայմանավորվել են մեկ ուղղությամբ համակարգել ճգնաժամին դիմակայելու ջանքերը, ասել է Կուդրինը։ Մասնավորապես, Ռուսաստանի կողմից իրականացվող մակրոտնտեսական քաղաքականությունն ազդում է նաև ԱՊՀ մյուս երկրների վրա։ Այդ պատճառով ԱՊՀ անդամ շատ պետություններ համաձայնեցնում են սեփական քաղաքականությունը Ռուսաստանի հետ՝ փոխադարձ ապրանքաշրջանառության, ներդրումների և վարկային ռեսուրսների տեսակետից, որոնք կարող է տրամադրել նրանց Ռուսաստանը։
Բացի այդ ԱՊՀ երկրները միջոցներ են ձեռնարկելու բանկային համակարգին աջակցելու, եկամուտի առավել ցածր մակարդակ ունեցող երկրներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև սեփական շուկաների և միգրացիոն քաղաքականության պաշտպանության համար։
Ինչ վերաբերում է միջազգային ֆինանսական ճարտարապետության վերափոխման մասին հարցին, ապա Կուդրինի խոսքերով, անհրաժեշտ է ԱՊՀ-ի ներսում փոխադարձ հաշվարկներն իրականացնել մասնակից-պետությունների դրամական միավորներով։ «Դեռևս վաղ է խոսել որևէ միասնական արժույթի ստեղծման մասին», - նշել է նա, սակայն ԱՊՀ արժույթներով փոխադարձ հաշվարկներն ավելացնելն անհրաժեշտ է։
ԱՊԿ երկրների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին Մոսկվայում։ Մայիսին Աստանայում տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը։-0-