Ռուսաստանը զարգացնելու է զսպման իր ռազմավարական ուժերը. Իվանով

25.02.2009, 15:43
Ռուսաստանը զարգացնելու է զսպման իր ռազմավարական ուժերը. Իվանով

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը կզարգացնի և կկատարելագործի զսպման իր ռազմավարական ուժերը, չնայած, որ դա շատ թանկ արժե, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետական պաշտպանության պատվերի մեծ մասը կենտրոնացված է երեք ուղղություններում՝ նոր տեխնիկայի գնում, գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորային աշխատանքներ, առկա տեխնիկայի նորոգում ու արդիականացում. դա պետպաշտպանության պատվերի հիմնական մասն է, դրա ներսում նախապատվությունն, իհարկե, տրվում է միջուկային ռազմավարական ուժերին, ուղիղ և անկեղծ եմ այդ մասին ասում, որպեսզի բոլորն այդ մասին իմանան»,- ասաց Իվանովը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին «կառավարական ժամի» ընթացքում։

«Ընդ որում՝ միջուկային ռազմավարական ուժերին իրենց ողջ բազմազանությամբ՝ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ) և Ռազմածովային նավատորմը, և ավիացիան՝ բոլոր երեք բաղադրիչներով»,- ընդգծեց փոխվարչապետը։

«Այո, դա թանկ արժե, շատ թանկ, բայց մենք այլ տարբերակ չունենք և մենք կզարգացնենք և կկատարելագործենք զսպման մեր ռազմավարական ուժերը»,- հայտարարել է Իվանովը։ -0-