ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվան պատրաստ է ընդունել մայիսին կայանալիք «Եվրատեսիլ-2009» մրցույթի հյուրերի և մասնակիցների անհրաժեշտ քանակություն, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Մոսկվայի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Գրիգորի Անտյուֆեևը։
«Մենք կընդունենք հյուրերի անհրաժեշտ քանակություն։ Ես համոզված եմ, որ Մոսկվան կարող է ընդունել «Եվրատեսիլը», օթևանով ապահովել մասնակիցներին և հյուրերին, ապահովել անվտանգությունը», - ասաց նա։
Անտյուֆեևը նշեց, որ Մոսկվան նման միջոցառումների անցկացման փորձ ունի՝ հիշեցնելով 2008 թ.-ին քաղաքում անցկացված Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։
«Եվրատեսիլը» լրացուցիչ զբոսաշրջիկներ են, կարծում եմ, որ մենք մրցույթն ավելի վատ չենք անցկացնի, քան այլ եվրոպական պետություններում», - համոզված է հանձնաժողովի նախագահը։
Գերատեսչության տեղեկատվությամբ, այսօր Մոսկվայում աշխատում է 247 հյուրանոց՝ ավելի քան 80 հազար տեղ տարողունակությամբ, հիմնականում դրանք «երեք աստղանի» հյուրանոցներն են՝ մինչև 65-70 տոկոսը։ 2009 թ.-ին ծրագրվում է ավարտել և շահագործման հանձնել 32 հյուրանոց՝ 7 հազար տեղով։-0-