Վրաց-ռուսական հակամարտության փաստերի ուսումնասիրման միջազգային անկախ առաքելության ղեկավար Հայդի Թալյավինին 2008 թ.-ին Վրաստանի և Ռուսաստանի միջև օգոստոսյան հակամարտություններին նախորդած իրադարձությունների մասին հարցեր է ուղղել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին։
«Մենք ստացել ենք տիկին Թալյավինիի նամակը, որտեղ ներկայացված էին օգոստոսի 7-ին ռուսական արգեսիային նախորդած իրադարձությունների մասին հարցերը։ Այսօր մենք չենք կարող պատասխանել այդ հարցերին, քանի որ դա լուրջ աշխատանք է, և մենք գրավոր տեսքով ավելի ուշ կներկայացնենք ողջ տեղեկատվությունը», - երկուշաբթի ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է Վաշաձեն։ Նրա խոսքերով, երկուշաբթի Թալյավինիի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային առաքելության աշխատանքին վերաբերող ընթացակարգերը։
Թբիլիսի կատարած այցի շրջանակներում Թալյավինին առաքելության այլ անդամների հետ միասին կհանդիպի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեի, խորհրդարանի պատգամավոր և խորհդրանական քննչական հանձնաժողովի ղեկավար Պաատ Դավիտայայի, ինչպես նաև վերաինտեգրման հարցերով պետական նախարար Թեմուր Յակոբաշվիլու հետ։
2008թ. օգոստոսի 8-12-ը Վրաստանը ռազմական օպերացիա իրականացրեց Հարավային Օսեթիայում։ Վրացական զորքերը գրեթե ամբողջովին ավերեցին հանրապետության մայրաքաղաք Ցխինվալի քաղաքը և բազմաթիվ բնակավայրեր՝ սպանելով, հարավօսական իշխանությունների գնահատականներով, շուրջ մեկուկես հազար խաղաղ բնակչի։
Հարավային Օսեթիայի իշխանությունների տվյալներով, վրացական բանակի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան մեկուկես հազար մարդ, սակայն ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեն փաստաթղթերով հաստատել է հանրապետության 162 բնակչի և 48 ռուս զինծառայողի, այդ թվում նաև տասնյակ խաղաղապահների մահը։ Օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։ Ի պատասխան դրան՝ Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվանի հետ և երկու անդրկովկասյան հանրապետությունները օկուպացված տարածքներ հայտարարեց։
Արևմուտքի երկրները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ-երկրները քննադատեցին Ռուսաստանին՝ Հարավային Օսեթիայում իրականացրած գործողությունների համար և մեղադրեցին նրան ուժի անհամամասնական կիրառման մեջ։ Սակայն մի քանի ամիս անց որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ փաստացի ընդունեցին, որ Վրաստանը ևս պատասխանատու է տարածաշրջանում իրավիճակի սրման համար։
Մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը հայտարարել է, որ Հարավային Կովկասի պատերազմի և դրա հումանիտար հետևանքների համար հավասարաչափ պատասխանատու են և Ռուսաստանը, և Վրաստանը։-0-