ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելը կարևոր քայլ է` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ուժեղացմանը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստն անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։
2008 թ.-ի սեպտեմբերի 5-ին ՀԱՊԿ նախագահությունը Ղրղզստանից անցել է Հայաստանին։
ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նեղ կազմով բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ:
Դեկտեմբերին Ղազախստանում` Վորովոյում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` պետությունների ղեկավարները մոսկովյան նիստի ընթացքում քննարկել և ստորագրել են ՀԱՊԿ-ի արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշումը:
Հավաքական ուժերը կօգտագործվեն ռազմական ագրեսիայի կասեցման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի հատուկ օպերացիաների անցկացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար։
Ներկայում հավաքական անվտանգության համակարգը կառուցվում է տարածաշրջանային սկզբունքով։ Գոյություն ունեն երեք տարածաշրջանային զորամիավորումներ՝ ռուս-բելառուսական (արևելաեվրոպական), ռուս-հայկական (կովկասյան) և կենտրոնական ասիական։
Արագ արձագանքման հավաքական ուժերը ՀԱՊԿ շրջանակներում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գոյություն ունեն գումարտակների մակարդակով։ Օպերատիվ արձագանքման ուժերի նոր ձևաչափը ենթադրում է ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների միավորումներից և մասերից ավելի խոշոր խմբավորման ստեղծում։
ԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ --0-