Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման հարցը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարները և, ինչպես ակնկալվում է, համապատասխան համաձայնագիր կստորագրեն, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Օրակարգի գլխավոր և առաջին կետը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին հարցն է, որը ծրագրվում է օգտագործել զինվորական արգեսիային դիմագրավելու, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, ազգամիջյան կազմակերպված հանցավորության, նարկոթրաֆիկի դեմ պայքարում հատուկ գործողությունների անցկացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար», - լրագրողներին հայտարարել է Պրիխոդկոն։
Նրա խոսքերով, հիմնական սպառնալիքները ՀԱՊԿ անդամները կապում են Աֆղանստանի հետ և «այն մեծ կոնֆլիկտային ներուժի հետ, որը կենտրոնացված է Պակիստանում»։
Նա նշել է, որ նման ուժերի ստեղծման մասին հարցը քննարկվել էր անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Ավելի ուշ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը քննարկել է այս թեման Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, և վերջինս աջակցել է այդ հարցին։
Պրիխոդկոն հիշեցրել է, որ այսօր հավաքական անվտանգության համակարգը կառուցվում է տարածաշրջանային սկզբունքով։ Գոյություն ունեն երեք տարածաշրջանային զինվորական խմբավորումներ, սակայն դրանք բոլորը հավաքական չեն՝ ռուս-բելառուսականը (արևելաեվրոպական), ռուս-հայկականը (կովկասյան) և կենտրոնասիականը, որտեղ դեռևս միայն սահմանափակ կազմով արագ արձագանքման հավաքական ուժեր են ստեղծվել:
«Հենց այս ուժերն են (կենտրոնասիական խմբավորում) դիտարկվում՝ որպես ապագա ուժերի միասնական խմբավորման հիմքեր։ Այժմ մենք ավարտում ենք համապատասխան համաձայնագրի նախագծի մշակումը», - ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը կստորագրվի գագաթնաժողովի ժամանակ։
Ծրագրվում է, որ հավաքական ուժերը մշտական հիմունքներով կտեղակայվեն Ռուսաստանում, և նրանց կենթարկվեն ՀԱՊԿ երկրների զինվորական ստորաբաժանումները։ Բոլոր ուժերը կունենան ընդհանուր հրամանատարություն, տեղեկացրել է Պրիխոդկոն։
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գոյություն ունեցող ուժերը մշտական տեղակայության վայր չունեն:
«Մեր ղազախ գործընկերների տված գաղափարի համաձայն, այս հավաքական մեխանիզմի ռազմական բաղադրիչին ավելի ուշ պետք է ավելացվեն ԱԻՆ և, հնարավոր է, ՆԳՆ ուժերը։ Այս գաղափարի շուրջ մենք այժմ աշխատում ենք», - ավելացրել է օգնականը։
Պրիխոդկոն որպես հնարավոր օրինակ ենթադրել է, որ ուժերի հիմք կլինեն 98-րդ գվարդիական օդադեսանտայիին դիվիզիան և Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 31-րդ գրոհային բրիգադը։
«Որոշումները, որոնք ծրագրվում է քննարկել արտահերթ նստաշրջանի ժամանակ, կոչված են նոր մակարդակի վրա հանել ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև դաշնակցային փոխգործակցությունը, բարձրացնել Կազմակերպության նշանակությունը՝ որպես հետխորհրդային տարածքում գլխավոր կայունացնող գործոն», - նշել է ՌԴ նախագահի օգնականը։
Բանակցությունների ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին հարցը՝ Նիկոլայ Բորդյուժայի մանդատի հնգամյա ժամկետի ավարտի պատճառով։ Ռուսաստանը, Պրիխոդկոյի խոսքերով, կառաջարկի երկարաձգել նրա լիազորությունները։ Նստաշրջանի ժամանակ ծրագրվում է նաև ընդունել ՀԱՊԿ 2009թ. բյուջեն։
ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։-0-