ՌԴ դեսպանը կեղծ անվանեց Հայաստանին ռուսական զենքի փոխանցելու մասին փաստաթուղթը

27.01.2009, 14:20
ՌԴ դեսպանը կեղծ անվանեց Հայաստանին ռուսական զենքի փոխանցելու մասին փաստաթուղթը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովն ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված փաստաթուղթը`  Հայաստանին իբրև թե ռուսական ռազմատեխնիկա փոխանցելու մասին, ապատեղեկատվություն և կեղծիք է անվանել։

«Նման փաստաթուղթ չի եղել, նման մատակարարումներ գոյություն չունեն»,- հայտարարեց նա երեքշաբթի ճեպազրույցում, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»։

Իստրատովն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանին ռուսական ռազմատեխնիկայի՝ 1996թ. իրականացված փոխանցման բացասական փորձն առայժմ գերիշխող է մնում։ «Ցավալի է, որ տասներեք տարվա վաղեմության բացասական փորձը գերիշխող է և ջնջում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման գործում վերջին 6-8 տարիների ձեռքբերումները»,- ասաց նա։

Իստրատովը հույս է հայտնել, որ վերջակետն այդ հարցում կդրվի անձնական շփումների ժամանակ, որոնք շուտով կկայանան նախ երկու երկրների պաշտպանության նախարարների, իսկ այնուհետև՝ արտաքին գործերի գերատեսչությունների միջև։

«Այդ հանդիպումներն անցկացնելու հարցը համաձայնեցված է։ Մենք նախատեսում ենք, որ նախարարները ոչ միայն վերջակետ կդնեն այս հարցում, այլև կստեղծեն պայմաններ, որպեսզի նման թյուրըմբռնումներ հետագայում չծագեն»,- ասել է դիվանագետն՝ ընդգծելով, որ դա չի նպաստում ադրբեջանառուսական հարաբերությունների զարգացմանը։

Նա ափսոսանք հայտնեց այն  կապակցությամբ, որ չնայած ՌԴ ԱԳՆ պաշտոնական նոտային, որը հերքում է զենքի փոխանցման տեղեկատվությունը, ադրբեջանական ԶԼՄ-ներում շարունակվում է այդ քարոզչությունը, և Միլի Մեջլիսի (խորհրդարանի) մի շարք պատգամավորներ բացասական կարծիքներ են հայտնում այս կապակցությամբ։

«Ադրբեջանական կողմի զգայունությունը մի շարք հարցերի նկատմամբ շատ լուրջ բնույթ է կրում։ Սա դաս է բոլորի համար՝ և Ռուսաստանի, և Ադրբեջանի համար»,- նշեց Իստրատովը։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ դեսպանն ասաց, որ դա «չի նշանակում, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք ռազմատեխնիկա չի փոխանցել Հայաստանին»։ «Ես չե կարող ասել, թե ինչ ծավալով և երբ է այն փոխանցվել, քանի որ մենք ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում այդ երկրի հետ։ Այնուամենայնիվ, փաստաթուղթը, որի մասին խոսվում է, ապատեղեկատվություն և կեղծիք է»,- հավելեց նա։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Հայաստանում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայից հայերին իբրև թե փոխանցվել է ռազմական տեխնիկա՝ 800 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։  Պաշտոնական Բաքուն համապատասխան նոտա է ուղարկել Ռուսաստանին։

Հունվարի 21-ին ՌԴ ԱԳՆ-ն պատասխան նոտայով  հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե 2008 թ.-ին Հայաստանին ռուսական ռազմական տեխնիկա է մատակարարվել:

«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, հղում անելով Ադրբեջանի հանրապետության ԱԳՆ-ի 2009 թ. հունվարի 15-ի № 5/10-080/04/09 նոտային, ի պատասխան ադրբեջանական կողմի արտահայտած մտահոգության, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ին, որ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից 2008 թ.-ին հայկական կողմին ինչ-որ փաստաթղթի առարկա դարձած հաշվեցուցակով ու քանակով սպառազինություն ու ռազմական տեխնիկա չի փոխանցվել և չի վաճառվել։ Տվյալ փաստաթուղթը 2009 թ.-ի հունվարի 8-ին հրապարակվել է www.mediaforum.az ինտերնետային կայքում և լայն բացասական արձագանք գտել Ադրբեջանի հանրապետությունում, այդ թվում ԶԼՄ-ներում»,- ասվում է չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված նոտայում։   

Նոտայում նշվում է նաև, որ որ այդ հրապարակումը ապատեղեկատվություն է, վառ արտահայտված հակառուսական բնույթ է կրում և չի նպաստում ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների դրական զարգացմանը։ ՌԴ ԱԳՆ-ն նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հնարավորություն կգտնի տեղեկացնել երկրի հասարակությանն ու ԶԼՄ-ներին ՌԴ դիրքորոշման մասին։ --0—