Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն դեկտեմբերի 26-ը հայտարարել է սգո օր՝ Եվպատորիայում հինգհարկանի բնակելի տան պայթյունի կապակցությամբ, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 22 մարդ։
«2008 թ.-ի դեկտեմբերի 24-ին Եվպատորիայում մարդկային զոհերի հանգեցրած ողբերգության կապակցությամբ հանձնարարում եմ 2008 թ.-ի դեկտեմբերի 26-ը Ուկրաինայում հայտարարել սգո օր», - ասվում է Յուշչենկոյի հրամանագրում, որի տեքստը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուկրաինային հանգստավայր Եվպատորիա քաղաքում հինգհարկանի բնակելի շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել դեկտեմբերի 24-ի երեկոյան։ Վերջին տվյալներվ, զոհվել է 22 մարդ, շարունակվում են փլատակների տակ մարդկանց որոնողական աշխատանքները։ Հիմնական վարկածի համաձայն, պայթել են թթվածնով բալոններ։
Փրկվել է բնակելի տան 21 բնակիչ։ Փլատակների տակ դեռևս կարող են լինել կենդանի մնացածներ։ Հինգշաբթի ողբերգության վայրում են եղել նախագահ Յուշչենկոն և վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։ Երկու բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր վերջին օրերի ընթացքում միմյանց լուրջ մեղադրանքներ էին ներկայացրել, Սիմֆերեպոլի օդանավակայից Եվպատորիա են հասել մեկ մեքենայով, իսկ դեպքի վայր այցելելուց հետո Կիև են վերադարձել նույն ինքնաթիռով, վարչապետը տեղափոխվել է նախարարական ինքնաթիռ, չնայած նրան առանձին ինքնաթիռ է սպասել։
Նախագահը բարձր է գնահատել ողբերգության հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման գործում կառավարության գործողությունները. վարչապետն ու նրա կառավարությունը երկար ժամանակ չէին արժանացել պետության նախագահի գովասանքին։ Կառավարությունն արդեն որոշել է մոտ 9 մլն դոլար հատկացնել տուժածներին։
Յուշչենկոն խոստացել է, որ փլուզված տան բնակիչները նոր բնակարաններ կստանան մինչև Նոր Տարի։ Տիմոշենկոն իր հերթին տեղեկացրել է, որ արդեն գտնվել է բնակելի շենք Եվպատորիայի կենտրոնում, որտեղ տուժածների համար ձեռք կբերվեն բնակարաններ պետական միջոցներով։
Սգո օրը՝ դեկտեմբերի 26-ին, Ուկրաինայի ողջ տարածքում բոլոր շենքերի վրա կիջեցվեն պետական դրոշները։ Այդ օրը չեղյալ կհամարվեն զվարճալի համերգային միջոցառումները, մարզային մրցումները։ Համապատասխան փոփոխություններ կարվեն նաև հեռուստառադիոհաղորդումների ծրագրերում։-0-