ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հումանիտար բաղկացուցիչը ազգային ԶԼՄ-ներում պետք է ծառայի ԱՊՀ երկրների միջև փոխըմբռնմանը և ծագող խնդիրների լուծման մոտեցումների հանդուրժողականությանը, կարծում է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ Միխայիլ Շվիդկոյը։
«ԶԼՄ-ները շատ հարցերում ազդում մեր երկրներում քաղաքական, տնտեսական, հումանիտար և ցանկացած այլ ոլորտում հասարակական կարծիքի ձևավորման վրա: Բնականաբար, ԶԼՄ-ներն իրենք երկրների միջև համագործակցության բոլոր հումանիտար գործընթացների համակարգ կազմող մասն են»,- ասաց Շվիդկոյը երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիում»՝ «ԶԼՄ-ները և Անկախ պետությունների համագործակցության հումանիտար ներուժը» թեմայով ֆորումի ժամանակ։
«ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալությունը Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի հետ համատեղ, ՌԴ նախագահի աշխատակազմի աջակցությամբ Մոսկվայում դեկտեմբերի 1-3-ն անցկացնում է «ԶԼՄ-ները և Անկախ պետությունների համագործակցության հումանիտար ներուժը» խորագրով ազգային ԶԼՄ-ների երրորդ ֆորումը։
«Հուսով եմ, որ ազգային ԶԼՄ-ների հումանիտար բաղկացուցիչը կծառայի մեր երկրների փոխըմբռնմանը, հատկապես երիտասարդների միջև փոխըմբռնմանը։ Հումանիտար բաղկացուցիչը կսահմանի այս կամ այն խնդիրների հանդեպ հանդուրժողանակությունը»,- ասաց նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Շվիդկոյի խսոքերով, «այսօրվա կյանքի նոր պայմաններում, երբ որոշակի խնդիրներ կան, ԶԼՄ-ներից շատ բան է կախված»։
«Մենք հրաշալի հասկանում ենք, որ քաոսն սկսվում է գլուխներում, հետո կյանքի է կոչվում, իսկ գլուխների վրա ազդում են ԶԼՄ-ները, այդ իսկ պատճառով գնահատականների և մոտեցումների հստակությունից և կշռադատվածությունից շատ բան է կախված»,- ընդգծեց ՀՀՄՀ համանախագահը։
2006 և 2007 թթ.-ին տեղի ունեցած ֆորումները ցույց տվեցին, որ հետխորհրդային պետությունների ԶԼՄ-ները երկրների և ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակ ունեն։
«Ազգային ԶԼՄ-ներին համագործակցության կոչելով՝ մենք հստակ գիտակցում ենք, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք տեղեկատվական ինտեգրման հեռանկարային մոդել մշակել։ Դրա գլխավոր իմաստն այն է, որ հետխորհրդային ոչ մի տարածքում տեղական կամ տարածքային ճշմարտության մենաշնորհ չհաստատվի»,- ասվում է «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկի՝ ֆորումի մասնակիցներին հղած ուղերձում։ --0--