ՆԱՏՕ-ի հինգ երկրներ վաղ են համարում Ուկրաինային և Վրաստանին ԱԳՊ տրամադրելը. աղբյուր

25.11.2008, 14:32
ՆԱՏՕ-ի հինգ երկրներ վաղ են համարում Ուկրաինային և Վրաստանին ԱԳՊ տրամադրելը. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան և Նիդեռլանդները վաղ են համարում Ուկրաինային և Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքում Անդամակցության գործողությունների պլան (ԱԳՊ) տրամադրելը, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։

ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու Կիևի և Թբիլիսիի պատրաստ լինելու գնահատականը կտրվի դաշինքի 26 անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 2-3-ը Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում։

Այդ կապակցությամբ գործակալության զրուցակիցը «բուռն բանավեճ» է ակնկալում խորհրդակցության մասնակիցներից՝ նկատի առնելով այն փաստը, որ Ուկրաինան և Վրաստանը ՆԱՏՕ-ում ընդգկելուն վճռականորեն կողմ են հանդես գալիս ԱՄՆ-ն, Լեհաստանը և Բալթյան երկրները։

2008թ. ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՊ-ին միանալու հայտերը դաշինքում չէին բավարարվել, սակայն հայտարարվել էր, որ երկու երկրներն էլ ապագայում կդառնան դաշինքի անդամ։ -0-