Ռադիո Ռոսիայի եթերով հեռարձակվող «Պոգովորիմ» («Խոսենք») ծրագրի հեղինակ Միխայիլ Վելլերը, պատասխանելով ռադիոլսողների հարցերին, նշել է, որ 1915 թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած հայերի ջարդը հենց Ցեղասպանություն է եղել, ի տարբերություն Ուկրաինայում տեղի ունեցած «սովամահության», հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։
«Ցեղասպանությունը մի հանցագործություն է, որն ուղղված է կոնկրետի ժողովրդի դեմ՝ ընդհուպ մինչև նրա ոչնչացումը։ Երբ 1915 թ.-ին Թուրքիայում տեղի ունեցան հայկական ջարդերը, ապա դա հենց Հայ ժողովրդի ցեղասպանություն էր, քանի որ սպանում էին բացառապես հայերի և սպանում էին ազգային պատկանելության համար։ Ուկրաինան տուժել է այնպես, ինչպես բազմազգ հսկա Խորհրդային Միության շատ շրջաններ և հանրապետություններ», - ասել է Վելլերը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—